«Նրանք հոր և որդու տարիքի են, և ցվացալի է, որ նման միջադեպ է տեղի ունեցել»,- ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպից, երբ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հարվածել էր լրագրող Վահե Մակարյանին:
Վ. Բաղդասարյանն նշեց, որ նման միջադեպերն ընդհանրապես դատապարտելի են, առավել ևս եթե դա տեղի է ունենում բավականին փորձառու, քաղաքական փորձ ունեցող պատգամավորի և լրագրողի (որը կարծես թե վատ տպավորություն չի թողնում) միջև: «Նման միջադեպերը պետք է կանխվեն: Պետք է զգոն լինեն և՛ լրագրողները, և՛ քաղաքական գործիչները,- ընդգծեց Վ. Բաղդասարյանը:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի քառօրյայի ընթացքում հերթական տհաճ միջադեպն է գրանցվել պատգամավորի և լրագրողի միջև: Պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում կոնֆլիկտի մեջ էր մտել «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի հետ, նրան հրավիրել էր առանձնազրույցի և հարվածել էր նրա աչքին: Դրանից հետո Ռուբիկ Հակոբյանը հանդես եկավ հայտարարությամբ, ներողություն խնդրեց խորհրդարանից, որ միջադեպից հետո սոցիալական կայքերում և լրատվամիջոցներում խորհրդարանի հասցեին քննադատություններ են հնչել իր՝ խորհրդարանականին ոչ հարիր պահվածքի համար: Ռուբիկ Հակոբյանը, սակայն, իր արարքի համար լրագրողից ներողություն չի խնդրել, ավելին՝ հանդես է եկել լրագրողի հասցեին որակումներով:
Մանրամասները՝ տեսանյութում:









































