Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Վահան Եղիազարյանի և Արմեն Զաքարյանի գործով բերված բողոքները:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Համլետ Դավթյանի նախագահությամբ հաստատված է գնահատել, որ 20-ամյա Վահան Եղիազարյանը՝ հրաձգային գումարտակի ջոկի հրամանատար, կոչումով՝ կրտսեր սերժանտ, 2011 թվականի սեպտեմբերի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում սահմանված կարգով դիտորդի պարտականությունները չկատարելու համար ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Ասատրյանին ապտակել ու հայհոյել է:
2011 թվականի հոկտեմբերի 9-ին, ժամը 8-ն անց 30-ի սահմաններում մարտական դիրքի ծխարանում Եղիազարյանը երեք անգամ հարվածել ու հայհոյել է Վլադիմիր Ասատրյանին՝ առաջնագծի դիտորդներին թեյ չտանելու, անսարք զենքով դիտորդի պարտականությունները կատարելու պատճառով:
Նույն օրը, ժամը 10-ն անց 40-ի սահմաններում Ասատրյանը իրեն ամրակցված ինքնաձիգով ինքնասպանություն է գործել՝ կրակելով իր ծնոտին:
Ըստ դատական ակտի՝ 19-ամյա Արմեն Զաքարյանը՝ հրաձգային գումարտակի գնդացրորդ, կոչումով՝ շարքային, 2011 թվականի սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 9-ը ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում պարբերաբար ծաղրուծանակի է ենթարկել Վլադիմիր Ասատրյանին, հայհոյանքներ տվել նրա հասցեին, ստորացրել նրա պատիվն ու արժանապատվությունը, ինչը նույնպես հանգեցրել է զինվորի կողմից ինքնասպանություն գործելուն:
38-ամյա Սպարտակ Աղասյանը՝ հրաձգային գումարտակի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, կոչումով՝ կապիտան, 2011 թվականի հոկտեմբերի 1-2-ին դիրքի ծխարանի աղտոտվածության, անձնակազմի զինվորների գրպաններում ավելորդ իրեր հայտնաբերելու պատճառով հայհոյել է իր նկատմամբ ստորադրյալներ, ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Վահան Եղիազարյանին, շարքայիններ Վլադիմիր Ասատրյանին և Արմեն Այվազյանին, 2-3 անգամ ապտակել նրանցից յուրաքանչյուրին՝ ստորացնելով նրանց պատիվն ու արժանապատվությունը:
23-ամյա Արմեն Հարությունյանը՝ հրաձգային գումարտակի դասակի հրամանատար, կոչումով՝ ավագ լեյտենանտ, հենակետի պատասխանատու, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ 2011 թվականի հունիսի 20-ին, ժամը 15-ի սահմաններում դիրքի ճաշարանում, 2011 թվականի մայիս ամսվա ընթացքում նույն մարտական դիրքում շարքային Վլադիմիր Ասատրյանի կողմից համածառայող Հայկ Մխիթարյանի հետ վիճաբանության ժամանակ ինքնաձիգն անհարկի լիցքավորելու պատճառով հայհոյանքներ է տվել նրան, 2-3 ապտակ հասցրել՝ ստորացնելով զինվորի պատիվն ու արժանապատվությունը:
Վլադիմիրի եղբայր Արմենն էլ էր ժամկետային զինծառայող՝ ուրիշ գումարտակում:
Վլադիմիր Ասատրյանի մորաքրոջ որդին ծառայության ընթացքում երկու անգամ գնացել էր Վլադիմիրին տեսակցելու: Վերջինս պատմել էր, որ դասակի հրամանատար Արմենը իրեն մերկացրել, վրան ջուր է լցրել և ուժեղ ծեծել:
Դիահերձման ժամանակ հարազատները տեսել են, որ Վալոդիկի ձախ նախաբազկին գրված է. «Սրա մեղավորներն են Վահանը և Արմենը»: Հետո իմացել են, որ նշված անուններով անձինք այն աստիճանի են նեղացրել, որ Վալոդիկն ինքնասպանություն է գործել:
Ինքնասպանությունից առաջ Վլադիմիր Ասատրյանը գրառում էր կատարել ոչ միայն իր նախաբազկին, այլև ծոցատետրում եղած պահածոյի թղթե պիտակի վրա. «Մամ ջան, իմ հարազատներ, ինձ կներեք իմ արած քայլիս համար ուղղակի հոգնել էի էս կյանքից բանակում հա նեղում էին ինձ, բայց ես չէի կարում ձեն հանեի դրա համար ես դիմեցի էս քայլին…»:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Վահան Եղիազարյանը դատապարտվել է 5 տարի 6 ամիս, Արմեն Զաքարյանը՝ 5 տարի ազատազրկման:
Սպարտակ Աղասյանը դատապարտվել է 20 օր կալանքի, դրան հաշվակցվել է նախնական կալանքի տակ գտնվելու 3 օրը և վերջնական պատիժ է սահմանվել 17 օր կալանքը:
Արմեն Հարությունյանը դատապարտվել է 3 ամիս ազատազրկման, դրան հաշվակցվել է նախնական կալանքի տակ գտնվելու 1 ամիս 11 օրը, վերջնական պատիժ է սահմանվել 1 ամիս 19 օր ազատազրկումը: Հարությունյանի նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն և նշանակվել է մեկ տարի փորձաշրջան:
Դատավճիռը բողոքարկվել էր միայն Վահան Եղիազարյանի և Արմեն Զաքարյանի մասով: Աղասյանը և Հարությունյանը դատավճիռը չէին բողոքարկել, նրանց մասով այն ուժի մեջ է մտել:
Ըստ բողոքի՝ Եղիազարյանի և Զաքարյանի գործողությունները չէ, որ հանգեցրել են Վլադիմիր Ասատրյանի ինքնասպանությանը: Վլադիմիրը ընտանեկան խնդիրներ է ունեցել, խնդիրներ է ունեցել մինչև այդ դասակ տեղափոխվելը:
Ամբաստանյալների շահերի պաշտպանի կարծիքով՝ Եղիազարյանի և Զաքարյանի մեղքը նախաքննության ընթացքում և ընդհանուր իրավասության դատարանում դատաքննության ժամանակ չի հիմնավորվել, մեղադրական դատավճռի հիմքում դատական հոգեբանի եզրակացությունն է ու զուտ ենթադրություններ: Բայց չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեին հօգուտ ամբաստանյալների:
Եղիազարյանը և Զաքարյանը վերաքննիչ դատարանում իրենց մեղավոր են ճանաչել միայն Ասատրյանին վիրավորելու համար: Նրանց կարծիքով՝ իրենք այն աստիճանի չէին վիրավորել, որ Ասատրյանը ինքնասպան լիներ: Նա այլ խնդիրներ ուներ, որոնց բացահայտման ուղղությամբ խոր քննություն չի կատարվել:
Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ բերված վերաքննիչ բողոքները մերժվել են, ամբաստանյալների մեղքը հաստատված է գնահատվել, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռն էլ թողնվել է անփոփոխ:









































