Իրանը դրական է ընդունել իրանական միջուկային խնդրի կարգավորման բանակցությունների հերթական ռաունդը Ղազախստանում անցկացնելու մասին առաջարկը: Այս մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Ղազախստանի հանրապետության փոխարտգործնախարար Կայրատ Սարիբայը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Մեր ցանկությունը (բանակցությունների շարունակման վերաբերյալ-1in.am) իրանական կողմը շատ դրական է ընդունել: Մենք սպասում ենք, որ ներկայումս կավարտվի Իրանի կառավարության ձևավորումը, որից հետո միջազգային «վեցյակը» կորոշի հանդիպման նոր վայրը»,- ասել է Սարիբայը: «Ղազախստանը մտադիր է հետագայում էլ լոգիստիկ ծառայություններ մատուցել: Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք առավել խոր նպաստել բանակցային գործընթացին»,- ընդգծել է նա:
Անցած շաբաթ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մամլո ծառայությունը հայտնել էր, որ Իրանի նոր նախագահ Հասան Ռուհանիի հետ Թեհրանում երկկողմ հանդիպման շրջանակում Ղազախստանի առաջնորդը կրկին պատրաստակամություն էր հայտնել իրանական միջուկային խնդրի շուրջ բանակցային գործընթացի շարունակման համար հարթակ տրամադրելու վերաբերյալ:
Անդրադառնալով միջազգային օրակարգի այլ հարցերի՝ ղազախ փոխարտգործնախարարը տեղեկացրել է Սանկտ Պետերբուրգում կայանալիք G 20-ի գագաթնաժողովին պետութան ղեկավարի մասնակցության մասին: Գագաթնաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 5-6-ը:
«Վեցյակի» ներկայացուցիչների և Իրանի միջև խորհրդակցությունների վերջին ռաունդը տեղի էր ունեցել այս տարվա ապրիլի 5-6-ը Ալմաթիում: Կողմերը կարծիքներ էին փոխանակել, սակայն բանակցություններում բեկման հասնել չէր հաջողվել:











































