Կոտայքի մարզում (Աբովյանի տարածաշրջան) գտնվող «Օջախ» ռեստորանի մոտակայքում նոյեմբերի 26-ի գիշերը Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի որդուն՝ 22-ամյա Տիգրանին դանակահարելու համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվի: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը:
Տասը օր տևած հետաքննությունից հետո որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության ԶԼՄ-ների հետ կապի և վերլուծության բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Նյութերն ուղարկվել է դատախազություն օրինականությունը ստուգելու և որոշումը հաստատելու համար: Այսինքն՝ դանակահարված Տիգրան Շահգալդյանը բողոք չի ներկայացրել, ինչի հիմքով էլ քրեական գործ չի հարուցվել:
Նշենք, որ Տիգրան Շահգալդյանը «Աբովյան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել ոտքերի և նստատեղի հատվածում սուր-կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքով: Նրա հայրը՝ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, մեր զրույցում ասել էր, որ որդին թեթև վնասվածքներ է ստացել: Իսկ այդ դեպքում քրեական գործ կարող է հարուցվել միայն նրանց բողոքի հիման վրա: Դանակահարության մեջ կասկածվում էր Երևանի բնակիչ Մարտուն Բալյանը: Վերջինս դեպքից մի քանի օր անց ներկայացել էր Նոր Նորքի ոստիկանության բաժին և ինքնախոստովանական ցուցմունք տվել: Շահգալդյանը մեր զրույցում ասել էր, որ չի պատրաստվում բողոք ներկայացնել, քանի որ միջադեպը լուրջ չէ. «Բայց ինչի՞ համար բողոքեմ, հիմա երիտասարդներ են…մի հոգի ավել մարդ, որ գնաց նստեց, ի՞նչ է փոխվելու»,- մասնավորապես նշել էր նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում









































