Միացյալ Նահանգները ընդունում է 1.5 միլիոն հայերի կոտորածի ենթարկվելու փաստը և ցանկանում է տեսնել այդ դեպքերի լիակատար պատմական արձանագրումը: Այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Մարկ Թոները:
Ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը նրան հարց է ուղղել այն մասին, թե ինչու նախագահ Բարաք Օբամայի կառավարման 8 տարիների ընթացքում վարչակազմը օգտագործեց «ցեղասպանությաու» բառի բոլոր հնարավոր հոմանիշները, որը կարելի էր գտնել բառարաններում, բացառությամբ հենց «ցեղասպանություն» եզրույթի:
Ի պատասխան հարցի՝ Թոներն ասել է. «Այս նախագահը, այս վարչակազմը, ինչպես նաև նախկինները, շարունակաբար սգացել են և ճանաչել, որ 1.5 միլիոն հայեր սպանվել են կամ մահվան երթի են հանվել Օսմանյան կայսրության վերջին օրերին: Մենք նաև կոչ ենք արել ամբողջությամբ և արդար կերպով ճանաչել փաստերը՝ կապված մահվան այդ դեպքերի հետ: Դա է շարունակում մնալ մեր քաղաքականությունը: Ես չեմ ցանկանում խորանալ տերմինաբանության մեջ, կամ՝ թե ինչպես ենք մենք դրան վերաբերվում: Մենք ճանաչում ենք, որ 1,5 միլիոն հայեր են կոտորվել և, ինչպես ասացի, ցանկանում ենք տեսնել, որ այդ փաստերը պատմականորեն ամբողջապես հաշվի առնվեն»:
Լրագրողը փորձել է հետաքրքրվել՝ արդյոք Թուրքիայի հետ հարաբերություննե՞րն են պատճառ դարձել, որպեսզի ԱՄՆ նախագահի վարչակազմը խուսափի «ցեղասպանություն» եզրույթից, ինչին ի պատասխան՝ Թոներն ասել է. «Ես ասացի, թե որն է մեր քաղաքականությունը, ինչպես ենք մենք դա ընդունում: Մենք ճանաչում ենք հայ ժողովրդի կյանքերի մեծ կորուստն ու տառապանքը»:
Մարկ Թոները նման հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը Վաշինգտոնում Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիզելի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ, որը փրկվել է Հոլոքոստից, հիշատակել է Հայոց ցեղասպանության ժխտման մասին (Genocide denial against the Armenians)։








































