Մեկ տարի առաջ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն օդանավակայանում դիմավորեց սիրիահայ փախստական Վանիկ Գարաբեդյանին և նրա ընտանիքին։ Նախօրեին վարչապետը կրկին հանդիպել է ընտանիքի հետ և լսել Գարաբեդյանի պատմությունը՝ Կանադա ժամանելու մասին, հաղորդում է CBC-ը։
Սիրիացի փախստականների հետ կլոր սեղանի ժամանակ Տրյուդոն չի կարողացել զսպել իր հույզերը՝ լսելով Վանիկ Գարաբեդյանին։
«Երբ մենք վայրէջք կատարեցինք Փիրսոնի անվան օդանավակայանում, առաջին մարդը, ում ձեռքը սեղմեցինք, վարչապետն էր»,- ասել է Գարաբեդյանը:
Այս խոսքերը լսելով Կանադայի վարչապետը սկսել է արտասվել։
«Երբ ես հանդիպեցի վարչապետին, նա երկու բառ ասաց՝ «Բարի գալուստ տուն»: Պատկերացրեք, որ դուք ապրում եք պատերազմական գոտում, լքում եք ձեր տունը, և ձեզ դիմավորում են երկու բառով՝ «Բարի գալուստ տուն։ Այդ պահին իմ հիշողությունները վերադարձան հետ Սիրիա՝ մինչև պատերազմն այնտեղ ունեցած կյանքը, մեր երջանկությունը, և այն սարսափելի ժամանակը, որի միջով մենք անցանք պատերազմի ընթացքում: Ես զգացի, որ ես հպարտ եմ լինել այստեղ»,- հավելել է սիրիահայը:









































