Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) այս շաբաթ խորհրդարանի նախագահությանը կներկայացնի նոր Սահմանադրության նախագիծը, որը նախատեսում է կառավարման խորհրդարանական համակարգից անցում կատարել նախագահական համակարգի։
Նախագծի վրա առկա են ԱԶԿ-ական 316 պատգամավորների ստորագրություններ։ Կուլիսների հետևում լուրեր են շրջանառվում, որ ԱԶԿ-ը նոր Սահմանադրության նախագիծը ամբողջովին համաձայնեցրել է «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) հետ։
Առկա տեղեկությունների համաձայն, նոր Սահմանադրությունը նախատեսում է պատգամավորների թիվը ներկայիս 550-ից հասցնել 600-ի։
Այդ դեպքում փոխվում են նաև սահմանադրական մեծամասնության, միակուսակցական կառավարություն ձևավորելու մեծամասնության թվերը։
Մասնավորապես, եթե նախկինում միակուսակցական կառավարություն ձևավորելու իրավունքի համար 550 հոգանոց խորհրդարանում պահանջվում էր սովորական մեծամասնություն՝ 276 քվե (50%+1), ապա 600 պատգամավորի դեպքում դա կազմելու է 301 պատգամավոր։
Խորհրդարանում ներկայացվող օրինագծերի հաստատման համար նախատեսված 376 քվեն (խորհրդարանի 2/3) պետք է հասցվի 401-ի։ Մտցվելու է օժանդակ պատգամավորի մանդատ, որն առնչվելու է բոլոր նահանգներին, այսինքն՝ յուրաքանչյուր նահանգ պետք է ունենա մեկ օժանդակ պատգամավոր։
Օժանդակ պատգամավորները կկարողանան փոխարինել հիմնական պատգամավորներին՝ վերջիններիս մահվան կամ կառավարության կազմում ընդգրկվելու (նախարար դառնալու) դեպքում։









































