92 տարի առաջ մահացած Վելինգթոն Բըրթը (Wellington R. Burt) շատ հետաքրքիր ժառանգություն է թողել, որի մասին գրում է Suddeutsche Zeitung գերմանական պարբերականը: Նրա ժառանգության փաստաթղթում գրված է մեկ հասարակ պայման, որը բավականին մեծ բարդություններ է առաջացրել ժառանգների համար. նա պատգամել է իր ժառանգությունը կիսել միայն իր վերջին թոռան մահվանից 21 տարի անց: Իսկ գումարը փոքր չէր` 100 միլիոն դոլար:
Նրա վերջին թոռան` Մերիոն Լանսիլի մահվան 21 տարին լրացել է անցյալ տարվա նոյեմբերին: Այժմ 100 միլիոնը պետք է բաշխվի 12 ժառանգների միջև: Պարբերականը նաև տեղեկացնում է, որ ժամանակին Վելինգթոն Բըրթի կարողությունը զիջում էր միայն Հենրի Ֆորդի կարողությանը: Այդ հսկայական կարողությունը նա վաստակել էր փայտամշակման և լեռնամետալուրգիայի ոլորտներում:








































