Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ավարտվել է Հայրիկ Հարությունյանի գործի դատավարությունը:
20-ամյա Հայրիկը 2011 թվականի գարնանը ծանոթացել է 1997 թվականի մայիսի 22-ին ծնված անչափահաս աղջկա հետ: Ամռանից սկսել է նրա հետ ընկերություն անել՝ ունենալով աղջկա հետ ամուսնանալու նպատակ: Սկզբում հանդիպել են աղջկա մոր ներկայությամբ, ապա, հոր անհամաձայնության պայմաններում՝ աղջկա ծնողներից գաղտնի:
Ըստ մեղադրանքի՝ 2012 թվականի օգոստոսին, քննությամբ չպարզված ամառային մի օր Հայրիկը գնացել է աղջկա տուն:
Աղջիկը մենակ է եղել: Տղան գրկել է նրան, առաջարկել սեռական հարաբերություններ ունենալ: Աղջիկը մերժել է, հայտնել, թե ինքը կույս է: Տղան սկսել է համոզել, որ այնպես կանի՝ աղջկա կուսությունը չի խախտվի: Աղջիկը, իր ասելով, առանց հասկանալու համաձայնել է: Բայց սեքսուալ գործողություն կատարելու՝ տղայի երկու փորձերը կիսատ են մնացել, որովհետև աղջիկը ցավի պատճառով չի համաձայնել շարունակել դրանք: Աղջիկն ասել է, թե մոր գալու ժամանակն է, ու տղան հեռացել է:
2013 թվականի հունվարի 2-ին, ժամը 19-ի սահմաններում Հայրիկն իր ու աղջկա հարաբերությունները պարզելու համար գնացել է նրանց տան մոտ, հարևան երեխային խնդրել է դուրս կանչել աղջկա մորը: Սակայն մոր փոխարեն դուրս է եկել հայրը:
Աղջկա հայրը Հայրիկից պահանջել է, որ նա հեռու մնա իր ընտանիքից, ու մտել է տուն: Այդ ժամանակ հարևան երեխան քարեր է նետել աղջկա տան տանիքին՝ այնտեղ նստած աղավնիներին թռցնելու համար: Քարերի ձայնը լսելով՝ աղջկա հայրը նորից դուրս է եկել ու տեսել Հայրիկին: Այս անգամ հայրն ու Հայրիկը վիճել են, հնչեցրել հայհոյանքներ:
Աղջկա հայրը Հայրիկի մորն ամոթանք է տվել որդու պահվածքի պատճառով, իսկ զայրացած Հայրիկը գետնից քար է վերցրել, հարվածել ու ջարդել աղջկա տան պատուհանի ապակին:
Աղջկա մայրը դիմել է ոստիկանություն: Ապակի փշրելու համար Հայրիկի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, բայց ջրի երես են դուրս եկել 16-ը չբոլորած աղջկա նկատմամբ նրա կողմից կատարված սեքսուալ գործողությունները:
Աղջիկը ճանաչվել է տուժող, իսկ Հայրիկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով:
Աղջիկն իր ցուցմունքի մեջ ասել է, թե ինքն ու Հայրիկը պայմանավորվել էին իրենց տանը տեղի ունեցածի մասին ոչ ոքի չհայտնել, բայց Հայրիկը շատերին էր պատմել:
Աղջկա մայրը ցուցմունք է տվել, որ թույլատրել է Հայրիկի ու դստեր հանդիպումները, որովհետև նկատել է, որ դուստրն անտարբեր չէ տղայի նկատմամբ: Ինքը ոստիկանությունում է իմացել Հայրիկի արարքի մասին: Ինքը Հայրիկից նման բան չի սպասել, իսկ դուստրը չի հասկացել, թե ինչ է անում:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ աղջկա կուսությունը խախտված չէ:
Փորձաքննությամբ Հայրիկ Հարությունյանի մոտ հայտնաբերվել են մտավոր առողջության հետ կապված խնդիրներ, սակայն դրանք, մասնագետների կարծիքով, արտահայտված չեն եղել այն աստիճան, որ զրկեին նրան իր գործողությունները հասկանալու, դրանք ղեկավարելու ունակությունից:
ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի սանկցիան նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչև 250-ապատիկի չափով կամ ազատազրկում՝ առավելագույնը 2 տարի ժամանակով:
Դատարանը հաշվի է առել, որ Հայրիկը չի աշխատում, բավարար միջոցներ չունի տուգանք վճարելու համար, և գործի հանգամանքներից, բնույթից ու վտանգավորության աստիճանից ելնելով՝ եզրակացրել է, որ ամբաստանյալի նկատմամբ պատիժ պետք է նշանակվի ազատազրկման ձևով:
Ընդհանուր իրավասության դատարանը Հայրիկ Հարությունյանին մեղավոր է ճանաչել ու դատապարտել 3 ամիս ազատազրկման: Հայրիկը կալանքի տակ է առնվել դատարանի դահլիճում: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի հունիսի 28-ից:
Դատավճիռը չի բողոքարկվել և մտել է ուժի մեջ:








































