Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Յուրի Միքայելյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
35-ամյա Յուրին մեղադրվել է 2013 թվականի մարտի 15-ին, ժամը 18-ին իր բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ փաստացի կնոջը ձեռքերով ու ոտքերով ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով: Կնոջը պատճառվել էին թեթև մարմնական վնասվածքի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:
2013 թվականի հուլիսի 9-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տուժած կինը հայտնել է, թե հաշտվել է ամբաստանյալի հետ, ներել է նրան: Կինը դիմում է ներկայացրել. «Հայտնում եմ, որ հաշտվել եմ Յուրի Միքայելյանի հետ, նրանից պարտք ու պահանջ չունեմ: Ուստի խնդրում եմ Յուրի Միքայելյանի դեմ հարուցված գործը կարճել»:
Ամբաստանյալը ևս հայտնել է, թե հաշտվել է փաստացի կնոջ հետ, իրեն մեղավոր է ճանաչում, զղջում է կատարածի համար:
Մեղադրողը տուժողի միջնորդության դեմ չի առարկել:
Դատարանը որոշել է Յուրի Միքայելյանի գործի վարույթը կարճել ու դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը՝ տուժողի հետ հաշտվելու հիմքով:
Կողմերի այս հովվերգական հաշտության պայմաններում թվում էր, թե դատական ակտը չպետք է բողոքարկվեր: Սակայն տուժող կինը երկու շաբաթ անց փոխել է դիրքորոշումը: Ընտանեկան հաշտությունը, փաստորեն, երկշաբաթյա կյանք էլ չի ունեցել, կամ ամուսինը բավարար խորությամբ չի զղջացել կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Արդյունքում կինը վերստին ցանկացել է, որ փաստացի ամուսնուն քրեական պատասխանատվության ենթարկեն այն նույն՝ գարնանային ծեծի համար: Ահա այդ բովանդակությամբ էլ վերաքննիչ բողոք է ներկայացրել: Սակայն վերաքննիչ դատարանը որոշել է, որ տուժողի այս փոփոխամտությունը դատական ակտ փոփոխելու համար բավարար հիմք չէ, դատարանն էլ խաղալիք չէ անհաշտ ամուսինների ձեռքին:
Կնոջ բողոքը մերժվել է, ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ:
Եթե ամուսինը նորից ազատություն տա ոտքերին ու ձեռքերին՝ կնոջ նկատմամբ բռնության գործադրումը շարունակելու իմաստով, ապա կարող է վերագտնել մեղադրյալի ու ամբաստանյալի կարգավիճակը՝ արդեն նոր քրեական գործով: «Հաշտվելու» փորձ ունեցող կնոջ հետ լեզու գտնելն արդեն շատ ավելի բարդ կլինի:








































