«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը:
– Պարոն Գրիգորյան, օրերս ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի հետ Մոսկվայում ստորագրել է հայ-ռուսական միացյալ զորախմբավորման մասին համաձայնագիրը։ Այս համաձայնագիրն ի՞նչ վտանգներ կարող է պարունակել թե՛ կոնկրետ Հայաստանի և թե՛ տարածաշրջանային անվտանգության առումով։
– Հայաստանի «ֆորպոստային» կարգավիճակի ամրագրման հերթական փուլն է տեղի ունենում, ընդ որում՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ նույն հարթության վրա հայտնվելը նորություն չէ. նմանօրինակ ծրագրերի մասին ռուսական աղբյուրները հայտնում էին դեռևս Վրաստանում «վարդերի հեղափոխությունից» փոքր-ինչ անց: Այժմ Հայաստանի նկատմամբ վերահսկողությունն ընդլայնելուն զուգահեռ՝ Ռուսաստանը նաև իրագործում է Աբխազիայի և Հարավային Օսիայի հետագա ռազմականացման ծրագիր, մասնավորապես՝ Աբխազիայի Գալիի շրջանում 3000-անոց զորամիավորում տեղակայելով և ռազմական օդանավակայան կառուցելով: Նաև բացահայտ խոսվում է թե՛ այդ չճանաչված պետությունների, թե՛ Հայաստանի սահմանապահ, մաքսային ու այլ ծառայությունների նկատմամբ ռուսական վերահսկողությունն ավելի խորացնելու մասին:
Ակնհայտ է, որ Վրաստանի հետ հարաբերությունների վատթարացումը հակասում է Հայաստանի ազգային շահերին, սակայն վարչախումբն ակնհայտորեն պատրաստ է գնալ դրան և Ռուսաստանին հանձնելու ինքնիշխանության լրացուցիչ տարրեր՝ հանուն իր վերարտադրության: Բացի այդ, Ռուսաստանի գործողությունները կատարվում են ՆԱՏՕ-ին դիմակայելու անհրաժեշտության մասին պատկերացումներին համապատասխան, և ռուսական ծրագրերին մասնակցելը հղի է հետագա մեկուսացմամբ:
– Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող գործընթացներն ինչպե՞ս եք գնահատում։ Առաջիկայում կա՞ արդյոք լայնամասշտաբ պատերազմի վերսկսման հավանականություն՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը տարբեր երկրներից շարունակում է ձեռք բերել ժամանակակից զինտեխնիկա։
– Հակամարտության կարգավորման գործընթացի դրական տարրերն Ադրբեջանի և Ռուսաստանի համատեղ ջանքերով չեզոքացվել են: Այժմ բանակցություններում կարող է փաստացի ընդմիջում տեղի ունենալ՝ մինչև Հայաստանում ընտրությունների ավարտը: Ադրբեջանի կողմից ռազմական շանտաժի պահպանումն ակնհայտ է, բայց պատերազմի վերսկսման վտանգը կախված է նաև արտաքին գործոններից, մասնավորապես՝ Ռուսաստանի դիրքորոշումից: Կարծում եմ, որ նավթի գնի հետագա անկումը կարճաժամկետ առումով վտանգ կներկայացնի, քանի որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Ռուսաստանը կարող են փորձել որոշակի խնդիրներ լուծել՝ նաև գիտակցելով երկարաժամկետ առումով իրենց թուլացման անխուսափելիությունը:
– Հայաստանի Զինված ուժերում կատարված վերջին փոփոխությունների մասին ի՞նչ կասեք՝ նկատի ունեմ պաշտպանության նախարարի, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի փոփոխությունը։ Ձեր կարծիքով՝ պաշտպանության նախարարի կուսակցական լինելը ճի՞շտ է, եթե հաշվի առնենք, որ նախկինում Հայաստանում այդ ոլորտն ապակուսակցական էր։
– Գուցե սկսենք նախարարի կուսակցական դառնալուց, ինչը խիստ բացասական երևույթ է. նախկինում ուժային կառույցները գոնե ֆորմալ առումով ապաքաղաքականացված էին: Սահմանադրական փոփոխություններին համահունչ միակուսակցական համակարգի ձևավորումն այլևս պարզապես անթաքույց է տեղի ունենում: Պաշտպանության ոլորտում կատարված կադրային փոփոխությունների էությունը կարելի է ամփոփել 1000 դրամի՝ բնակչության վրա լրացուցիչ բեռ դնելու ծրագրով, անգամ ուշադրություն չդարձնելով «ազգ-բանակի» մասին մնացած պոռոտախոսությանը: Մնացած կադրային փոփոխությունները ոչ միայն պաշտպանության ոլորտում, այլ նաև կառավարության անդամների ՀՀԿ-ին անդամագրվելը, տեղի են ունենում նույն գործընթացի շրջանակում:
– Ընտրություններին հաշված ամիսներ են մնացել, քաղաքական դաշտն արդեն պատրաստվում է՝ ակտիվ բանակցություններ են տարվում դաշինքներ կազմելու շուրջ։ Ձեր կարծիքով՝ ընդդիմությունը ռեալ շանսեր ունի՞ 2017 թվականին՝ անգամ եթե դաշինքով մասնակցի ընտրություններին։
– Կախված է նրանից, թե ում կհամարենք ընդդիմություն. և՛ հին, և՛ նորաստեղծ կուսակցությունների մեծ մասը վերահսկելի է իշխանության համար: Բացի այդ, ՀՀԿ-ական մեծամասնության ձևավորումից բացի՝ գործող քաղաքական համակարգը նաև նպատակադրված է լինելու ձևավորել ռուսամետ, «եվրասիական արժեքներին» հավատարիմ ընդդիմություն: Մնում է տեսնել՝ արդյոք կա՞ ռուսամետությանն այլընտրանք առաջարկելու պատրաստ ընդդիմություն, որը թեկուզ չկարողանալով մեծամասնություն ստանալ՝ գոնե կփոխի ԵՏՄ անդամակցության, ՀՕՊ պայմանագրի և այլ հարցերով քվեարկության դեպքերում եղած պատկերը:
– Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ եթե ՀՀԿ-ն ստանա մեծամասնություն, ապա խորհրդարանական ընտրություններից հետո Կարեն Կարապետյանը կշարունակի մնալ վարչապետի պաշտոնում։ Միևնույն ժամանակ չի հստակեցնում իր անելիքները 2018-ից հետո։ Ձեր կարծիքով՝ Սարգսյանը քաղաքականությունից կհեռանա՞, թե՞ սա հերթական մանիպուլյացիա է։
– Կարեն Կարապետյանը գոնե մեկ տարի կարող է մնալ պաշտոնում՝ մինչև Ս. Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտը և խորհրդարանական համակարգի վերջնական անցումը: Սակայն դրանից հետո էլ պարտադիր չէ, որ Ս. Սարգսյանն ինքը զբաղեցնի վարչապետի պաշտոնը: Ձևավորվելիք կուսակցապետության պայմաններում ՀՀԿ-ի «գենսեկի» պաշտոնը կարող է ոչ պակաս հրապուրիչ լինել՝ լծակների տիրապետելու առումով:






































