«ԱԺ-ն պետք է լիներ կենսական մարմին՝ մարդկանց առաջնահերթ հարցերով զբաղվելու համար… Մեզ նախապես ներկայացվածի մեջ չեմ տեսնում որևէ հարց, որ այդքան առաջնային ու կարևոր լիներ, մինչդեռ կան իսկապես լուրջ հարցեր, և հատկապես կա մի հարց, որը կարելի է հավասարեցնել ռազմաճակատի անվտանգության, կոռուպցիայի ու մենաշնորհների հետ, այդ հարցը գյուղացիական վարկերի խնդիրն է»: Այս մասին այսօր ԱԺ այսօրվա նիստում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նա նշեց, որ հանդիպումներ է ունեցել գյուղական համայքներում, արձանագրվել է տխուր վիճակ. «Մարդիկ զանգվածային թաղված են վարկերի փոսի մեջ, վիճակը վատթարանալու միտում ունի: Սա նշանակում է, որ խնդիրը համակարգային է, ու ԱԺ-ն ուշադրություն պետք է դարձնի: Արևիկ գյուղում, օրինակ, բոլորն անխտիր գրավադրել են իրենց տները: Մի՞թե հնարավոր չէ հենց ձեր նախաձեռնությամբ, պարոն Գալուստ Սահակյան, լսումներ անցկացնել այս կարևորագույն խնդրի շուրջ՝ այս աղետալի վիճակին լուծում տալու համար, այլ ոչ թե սենց հանգիստ գնանք դեպի Նոր տարվա տոներ»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Այդքան մեծ հմտություն պետք չէ՝ պատասխանելու համար: Դուք ընդամենը ուզում էիք, որ ժողովուրդը լսեր ձեր այցերի մասին: Որ հանձնաժողովի անդամ եք, այդտեղ լսումներ պատրաստեք, քննարկենք»:
«Հանդիպելը ոչ թե խնդիր է, որի համար պետք է նախատել, այլ ամեն քաղաքական գործչի թասիբն է,- նշեց Լևոն Զուրաբյանը,-վարչապետի հետ դուք էլ գնացեք այդ գյուղերը, հենց թեկուզ Արևիկ, ու այդ հարցերը քննարկեք: Այնտեղ Ձեզ սպասում են»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































