Իրավական մշակույթը պայմանավորված չէ միայն օրենսդրության լավ կամ վատ լինելով, գեղեցիկ ձևակերպումներով համարժեք լուծումներով, այլ շատ կարևոր է նաև իրավակիրառ պրակտիկան. ինչպես է օրենքը կիրառվում, ինչպես են մարդիկ աշխատում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՀՀ նախագահին կից սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը:
Անդրադառնալով «Կուսակցությունների մասին» ընդունված նոր օրենքին՝ Գևորգ Դանիելյանը նշեց, որ այն ընդդիմությանը գործելու լայն հնարավորություն է տալիս. «Մենք միշտ ենթադրում ենք, որ եթե ընդդիմություն է, ուրեմն որևէ խնդրի լուծում տալու իրավունք չունի: Մեր մոտեցումները, պատկերացումները, այս առումով, շատ սահմանափակ են: Ընդդիմադիր ուժին մնում է ձգտել իշխանություն դառնալ, որպեսզի խնդիր լուծի: Մինչդեռ Սահմանադրությունը բավական էական հարցադրումներում նրանց տալիս է հնարավորություն ազդելու խնդիրների լուծումների, կադրային քաղաքականության վրա:
Մի բան է, երբ ընդդիմադիր ուժը միայն քննադատելու հնարավորություն ունի ու պարզապես հանգիստ քննադատում է, հարցադրումներ է անում, որոնք երբեք չի կարող իրականացնել, մեկ այլ բան է, երբ կարող ես անել, բայց չես կարող: Կարծում եմ, որ այսպիսով ընդդիմադիր ուժերի համար շատ ավելի պատասխանատու վիճակ է ստեղծվել ու իրենք պետք է համարժեք լինեն այդ իրավիճակին»:
Ընդդիմադիր քաղաքական ուժերին նկատի ունենալով՝ Գ. Դանիելյանը նշեց. «Օրենք եք նախաձեռնում, չի ընդունվում, նախաձեռնեք հանրաքվե, Սահմանադրությամբ այս լուծումը կա: Վստա՞հ եք ձեր պատկերացումների մեջ, հանրաքվե նախաձեռնեք, իսկ եթե հանրաքվեն տեղի չի ունենում, ուրեմն լավ չեք ուսումնասիրել հանրության կարծիքը, ձեր մոտեցումը ներկայացնում եք որպես հանրության կարծիք»:
Գևորգ Դանիելյանը նշեց, որ ձեռք բերելով լիազորություններ ընդդիմությունը պիտի հասկանա, որ դրանից օգտվելը իրենց գործունեությունը դարձնում է շատ ավելի թափանցիկ:
Մանրամասները՝ տեսանյութում:










































