Օգոստոսի 23-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքի օրակարգում լինելու է Հայաստանում ստեղծված իրավիճակից ելքեր փնտրելու հարցը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա՝ ներկայումս «Ժառանգություն» կուսակցության համար ամենակարևոր խնդիրը երկրում ստեղծված այս աղետալի վիճակից դուրս գալն է: Այդ վիճակից դուրս գալու միջոցներից մեկն, Արմեն Մարտիրոսյանի խոսքերով, կարող է լինել ԵՄ-ի հետ նախաստորագրվելիք Ասոցացման համաձայնագիրը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը տեղեկացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ քաղաքական կլոր սեղանը հրավիրելու առաջարկի առաջին հասցեատերերը քաղաքական ուժերն ու կառույցներն են: Բայց, ըստ նրա, անհատ քաղաքական գործիչները, հասարակական գործիչները ևս կարող են իրենց ներկայությունն ունենալ:
Հիշեցնենք, որ վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, թե Հայաստանն առկա կործանիչ վիճակից դուրս բերելու համար մինչև ՀՀ անկախության 22-րդ տարեդարձը (սեպտեմբերի 21-ը) համահայկական կլոր սեղան պետք է կազմակերպել, որին կմասնակցեն բոլոր մտաhոգ քաղաքական և հասարակական կառույցների ներկայացուցիչները՝ թե՛ ընդդիմությունից, թե՛ իշխանությունից։









































