Իրանը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ նկատմամբ «մարդու իրավունքները խախտելու համար»: Այս քայլով Իսլամական Հանրապետության իշխանությունները փորձում են պատասխանել այն բազմաթիվ պատժամիջոցներին, որոնք կիրառվում են իրանական ընկերությունների և քաղաքացիների նկատմամբ: Այդ նախագծով պատժամիջոցներ են կիրառվելու ամերիկացի 26 պաշտոնայի նկատմամբ, որոնք խախտել են մարդու իրավունքները, այդ թվում` Իրաքում և Աֆղանստանում, ինչպես նաև աջակցել են ահաբեկչությանը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` մեջբերելով պատգամավոր Քազեմ Ջալալիին:
Վերջինս գլխավորում է խորհրդարանի ազգային անվտանգության և միջազգային քաղաքականության հանձնաժողովը: Ջալալին, սակայն, չի նշել այն պաշտոնյաների անունները, որոնք տեղ են գտել այդ ցուցակում:








































