Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Սուրիկ Կոստանյանի նախագահությամբ սկսվում է Լորիս Լամբրիանովի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ 61-ամյա Լորիս Լամբրիանովը 2011 թվականի ապրիլից մինչև 2013 թվականի մայիսի 18-ը, օգտագործելով երկու և ավելի մարմնավաճառների, իր կողմից ղեկավարվող՝ Երևանի Բագրատունյաց փողոցի 47 հասցեում գտնվող «Մուշ» արտադրական կոոպերատիվին պատկանող շոգեբաղնիքը գույքային օգուտ ստանալու նպատակով տրամադրել է պոռնկությամբ զբաղվելու համար՝ ապահովելով մարմնավաճառների անվտանգությունն ու վերջիններիս հատկացնելով պոռնկությամբ զբաղվելու պայմաններ ու պարագաներ:
Շենգավիթ վարչական շրջանում վերջին ժամանակներս ավելի ակտիվորեն են «մերկացվում» պոռնկությամբ զբաղվելուն ծառայեցվող հոթել-մոթել-շոգեբաղնիքները: Բայց համաքաղաքային ու համահանրապետական առումով այդ խնդիրը, իհարկե, չի լուծվում: Ավելանում է դատվածություն ունեցողների թիվը, բայց չեն պակասում մարմնավաճառները, նրանց աշխատանքին նպաստողներն ու մարմնավաճառության համար հատկացվող, բոլորի աչքի առաջ ամենատարբեր ցուցանակների ներքո անթաքույց գործող հաստատությունները:
Լորիս Լամբրիանովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:










































