Մեքսիկացի միլիարդատեր Կառլոս Սլիմին պատկանող America Movil ընկերությունը պատրաստ է 9.6 միլիարդ դոլարով գնել նիդերլանդական հեռահաղորդակցական KPN ընկերության բաժնետոմսերի 70 տոկոսը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով մեքսիկական ընկերության մամլո հաղորդագրությանը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ մեկ բաժնետոմսի համար առաջարկվող 2.4 եվրո արժեքը 35.4 տոկոսով գերազանցում է բորսայում վերջին ամսվա ընթացքում բաժնետոմսերի արժեքը: Օգոստոսի 8-ի առևտրային օրվա ավարտին KPN-ի մեկ բաժնետոմսն արժեցել է 2 եվրո:
America Movil-ին է արդեն պատկանում KPN-ի բաժնետոմսերի 30 տոկոսը: Նշենք, որ վերջին մի քանի եռամսյակում նիդերլանդական ընկերությունը ֆինանսական դժվարություններ ունի:








































