Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ֆաթհ» ու ՀԱՄԱՍ խմբավորումների ներկայացուցիչների հետ ունեցած փակ քննարկումներից հետո հայտարարել է, որ այս կազմակերպությունները Մոսկվայում որոշել են իրենց երկրում կայանալիք ընտրությունների ժամկետը և հայտարարություն են ընդունել: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Հիշեցնենք, որ այս երկու խմբավորումները դեռ մեկ ամիս առաջ լուրջ հակասություններ ունեին միմյանց հետ, սակայն Եգիպտոսի միջնորդությամբ անցկացված բանակցություններից հետո կնքել են հաշտության պայմանագիր և նոր ընտրություններ անցկացնելու որոշում էին կայացրել:
«Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասն արդեն ծանոթացել է ընդունված հայտարարության հետ: Նա դրան բարձր գնահատական է տվել և ռուսական կողմին երախտագիտություն հայտնել այն բանի համար, որ հարթակ է տրամադրել օգտակար հանդիպման համար», ասել է Լավրովը: Լավրովը նաև ասել է, որ կողմերը համաձայնեցրել են, որ այս տարվա հոկտեմբերին երկրում կանցկացնեն տեղական ընտրություններ:
Տեղեկացնենք, որ նախորդ ընտրությունները Պաղեստինում տեղի էին ունեցել 2005 թ.: Այնուհետև ընտրություններ չեն անցկացվել «ֆաթհ»-ի ու ՀԱՄԱՍ-ի զինված հակամարտության պատճառով:








































