New York Times թերթի աշխատակիցները ոգևորությամբ են ընդունել ընկերության ղեկավար Արթուր Սուլցբերգերի հատուկ ուղերձը, որով նա խոստացել է պարբերականը չվաճառել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես հայտնել է թերթի կորպորատիվ հաղորդակցությունների հարցերով փոխնախագահ Էյլին Մերֆին, աշխատակիցները գնահատում են, երբ ղեկավարությունը նրանց հետ կիսվում է ընկերությանը վերաբերող տեղեկատվությամբ: Նրանց արձագանքը չափազանց դրական էր՝ նշել է Մերֆին:
Նշենք, որ ուղերձը հղվել էր աշխատակիցներին այն բանից հետո, երբ այս շաբաթ հայտնի էր դարձել, որ մեկ այլ հեղինակավոր ամերիկյան պարբերական՝ Washington Post-ը, 250 մլն դոլարով վաճառվելու է Amazon-ի հիմնադիր Ջեֆրի Բեզոսին:
Սուլցբերգերն իր ուղերձում ընդգծել է, որ թերթի ղեկավարությունը չի դիտարկում թերթի վաճառքի հնարավորությունը, քանի որ այն զգալի եկամուտ է բերում, ինչը թույլ է տալիս ապահովել նրա հետագա աճը: Ղեկավարի կարծիքով՝ անձնակազմը բավականին գաղափարներ ու միջոցներ ունի՝ ինովացիաների իրականացման համար:








































