Այսօր, ժամը 19-ին, ազատամարտիկները հրավիրում են հանրահավաքի: Այս մասին լրագրողներին տեղեկացրին ազատամարտիկներ Խաչատուր Խաչատրյանը և Էդիկ Ներսիսյանը:
«Մենք ուզում ենք ժողովրդի միասնությամբ շտկել այսօրվա իրավիճակը, որը, բոլորս գիտենք, կարելի է ասել՝ ուղիղ գծով տանում է կործանման»,- ասաց Խաչատուր Խաչատրյանը:
Նրա խոսքով `ժողովուրդը պետք է միասնությամբ իր հարցերը լուծի:
«Արդեն երեք ամիս է, ինչ մենք` ազատամարտիկներս, Ազատության հրապարակում ենք, բարձրացնում ենք մեզ կարգավիճակ տալու հարցը: Ազգն ու ժողովուրդը պետք է իր նվիրյալներին կարգավիճակ տա»,- ասաց Խաչատուր Խաչատրյանը:
«Մենք որևէ անձնական կամ մասնավոր շահ չենք հետապնդում, մեր պաշտամունքը ազգն է, մեր կուսակցությունը ազգն է»,- ասաց Էդիկ Ներսիսյանը:
Նրա կարծիքով` այսօր ազգին մեծ վտանգ է սպառնում: Ըստ նրա`մեր ազգը դարեդար կարողացել է պահպանել իր սրբությունը, իսկ այսօր դա անտեսվում է:
«Թող ոչ մի կուսակցություն, ոչ մի կաբինետ չպախարակեն ֆիդայական շարժումը, մենք ոչ Ռուսաստանին ենք սատարում, ոչ Եվրամիությանը՝ մենք մեր ազգին են սատարում»,- հայտարարեց Էդիկ Ներիսյանը:
Խաչատուր Խաչատրյանն էլ ասաց, որ ազատամարտիկների միջև կարող են լինել թեթև տարաձայնություններ, բայց պառակտումներ չեն կարող լինել: Նրա խոսքով՝ դա է վկայում Ղարաբաղյան շարժումը:
Ազատամարտիկները հայտարարեցին, որ իրենք ազգերի դեմ խնդիր չունեն, օրենքները, ըստ նրանց, վատը չեն, ուղղակի պետք է ստիպեն իշխանություններին աշխատել, աշխատել օրենքի սահմաններում:
«Մեր պայքարը միայն ու միայն այն է, որ ով էլ լինի երկրի գլխին` աշխատի, և էս դժոխքը մի օր դրախտ կդառնա»,- հավատացրեց Խաչատուր Խաչատրյանը:








































