ԱՄՆ ԶՈւ ղեկավարությունը որոշում է ընդունել դադարեցնել էրոտիկ ամսագրերի վաճառքը ողջ աշխարհում ամերիկյան ռազմաբազաների առևտրի կետերում: Պատճառը դրանց պահանջարկի անկումն է: Այս մասին հայտնել է ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի բազաներում առևտուր իրականացնող Exchange Service պենտագոնյան գործակալության ներկայացուցիչ Ջաս Էնսթին՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Էնսթիի խոսքով՝ օգոստոսի 1-ից դադարեցվել է ընդհանուր առմամբ 891 անուն ամսագրի իրացումը, որից 48-ը դասվում են «մեծահասակների համար» կատեգորիային (Playboy, Penthouse և այլն):
Նրա փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում ընդհանուր առմամբ դիտվում է պարբերականների վաճառքի անկում, իսկ զինվորականների խանութներում՝ առավել ևս. 2012-ին վաճառքն ընկել է 18.9 տոկոսով՝ 2011-ի համեմատ: Նա կարծում է, որ որևէ մեկը հազիվ թե դժգոհի Պենտագոնի որոշումից, քանի որ ցանկացած տեղեկատվություն կարելի է գտնել համացանցում:
Նշվում է, որ զինվորները կարող են իրենց հետ բազա բերել էրոտիկ ամսագրեր, որոնք գնվել են բազայի սահմաններից դուրս:











































