ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում այսօր 2017թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ նշեց, որ բյուջեի քննարկումը բավականին ձանձրալի է, այնուհետև հայտարարեց՝ իր բնորոշմամբ՝ լավ լուր. «Եկող տարվա բյուջեի նախագծից հանվել է ազգային տուրքը Զորի Բալայանին՝ ՀՀ-ում ծովագնացության և նավատորմի զարգացման համար, ինչպես նաև՝ չենք ունենա հատկացումներ հայկական առաջին տիեզերագնաց արբանյակ սարքելու համար»:
Պատգամավորի խոսքով՝ եթե ներդրումներ չեղան եկող տարի, ապա բոլոր ծրագրերը կլինեն ձայն բարբառո. «Պարտք չենք կարող վերցնել մեր արտաքին պարտքը հատել է հոբելյանական հինգ միլիարդի սահմանը… Կոռուպցիայի դեմ պայքարը ևս տևեց հոբելյանական տասը օր, որից հետո համակարգերը վերադարձան հին, բարի ավանդույթներին»:
Զոհրաբյանի դիտարկմամբ՝ կառավարության հայտարարությունների մեջ քաղաքական կամք կա, սակայն գործողության մեջ դա չի երևում. «Կառավարությունը կարող է կտրել այս արատավոր ճյուղը, եթե չի կարող, ապա մենք պարբերաբար նույն հարցերի մասին ենք խոսելու»:
Նաիրա Զոհրաբյանը դիմեց մշակույթի նախարարին`ասելով, որ երբ նախարարը նոր էր ստանձնում պաշտոնը, արեց հայտարարություններ, որոնք հույս ներշնչեցին, որ մշակույթը «սեքընդ հենդ» վիճակից դուրս կբերվի: Պատգամավորը անդրադարձավ պետպատվերով տպվող գրականությանը` ասելով, որ, ցավոք, խոտան կամ աղբ գրականություն է տպվում: «Հորդորում եմ Ձեզ` մեկ-երկու տաղանդավոր գրողի հատկացնել պետական պատվերի միջոցները և ուշադրություն դարձնել երիտասարդ տաղանդավոր գրողներին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Ն. Զոհրաբյանը հավելեց, որ ԲՀԿ-ն չի կարող կողմ լինել 2017թ. ներկայացված բյուջեին:
Մանրամասները՝ տեսանյութում:











































