Ազգային ժողովի ՀՀԿ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը կողմ է «1000 դրամների» մասին օրինագծին: «Ի՞նչ կապ ունի զինվորին փոխանցվող 1000 դրամը բյուջեի թալանի հետ»,- այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր, «Բելաջիո» ռեստորանային համալիրի սեփականատեր Գրիգորի Մարգարյանը։
«Ամեն ինչը մի՛ կապեք թալանվածի հետ, խոսքը այն 1000 դրամի մասին է, որը մենք պարտավորվում ենք վճարել զոհվածների ընտանիքներին։ Եթե շատերի համար դա մեծ գումար է, ապա կքննարկվեն այդ հարցերը:
Ես չեմ գտնում, որ պետք է մտնենք ժողովրդի գրպանը, բայց այդ հազար դրամը, կարծում եմ, ժողովուրդը հաճույքով կվճարի իր զինվորի համար: Եվ այստեղ փորփրել ու ընկնել սենսացիաների հետևից, ասել՝ այդ գողացված գումարը ․․․ գողացված գումարը թողնենք մի կողմ»,- ասաց պատգամավորը։
«Ես երկու ձեռքով կողմ եմ՝ բերեք այդ գողաված գումարը բյուջե, դրա համար համապատասխան մարմիններ կան, թող բերեն»,- Գրիգորի Մարգարյանը։
Նրա հավաստմամբ՝ բոլոր պատգամավորները ապրիլյան պատերազմից հետո աշխատավարձի 1 տոկոսը՝ մոտ 6000 դրամ տրամադրում են բանակին: «Այդ գումարը մենք վճարում ենք մեր ազատամարտիկի համար, որը սահմանին կանգնած մեզ է պաշտպանում։ Ինչ կապ ունի թալանված գումարը սրա հետ: Եթե այդ գումարը թալանվել է, զինվորն էլ սահմանին կանգնած արյուն է տալիս, հո չի՞ մտածում՝ ինչ եղավ թալանված գումարը։ Մենք պարտավոր ենք վճարել այս գումարը։ Դա հոգու պարտք է, պարտավորվածություն ա, սա բանակին չի վերաբերում, զոհված ազատամարտիկին է վերաբերվում»,- ասաց պատգամավորը:









































