Այս օրերին բուռն քննարկվում է ՊՆ-ի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագծը, որով նախատեսվում է յուրաքանչյուր աշխատողից 2017թ հունվարից այդ նպատակով ամսական գանձել 1000 դրամ:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղդասարյանը նամակ է հղել վարչապետ Կարեն Կարապետյանին, որտեղ ներկայացրել է իր դիտարկումները՝ 1000-ական դրամներ գանձելու նախագծի հետ կապված, և կոնկրետ առաջարկներ է նշել՝ մատնացույց անելով այն ուղիները, թե 1000-ական դրամների փոխարեն ինչպես կարելի է գանձել գումարներ և ինչից պետք է սկսել՝ մասնավորապես նշելով, որ պետք է սկսել ծառայողական մեքենաներից:
«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում Գագիկ Բաղդասարյանը ներկայացրեց իր պարզաբանումները. «Առաջարկը վերաբերում է ոչ թե միայն քաղաքապետարանի ծառայողական մեքենաներին, այլ ընդհանրապես ՀՀ-ում բոլոր պետական պաշտոնյաների կողմից օգտագործվող ծառայողական մեքենաներին: Այս քննարկումներից պարզ դարձավ, որ իսկապես գաղափարը շատ լավն է, բայց իրագործման եղանակի հետ կապված խնդիրներ կան:
Այդ խնդիրը վերաբերում է բոլորիս: Ավագանու անդամներով քննարկեցինք հարցը և որոշեցինք պրոցեսը սկսել մեզնից՝ առաջարկ եղավ այն մասին, որ մենք վերադարձնում ենք այն մեքենան, որը քաղաքապետարանը տրամադրել է ավագանու կարիքների համար, և թող մյուսներն էլ մտածեն այս մասին:
Մտածելու շատ-շատ հանգամանքներ ունի պաշտպանության նախարարը, թե այն ծառայողական մեքենաները, որոնք տրամադրված են ՊՆ-ին, ինչ նպատակով են օգտագործվում: Եթե մենք ուշադիր լինենք, ամբողջ օրվա ընթացքում քաղաքում շրջում են ՊՆ համարանիշներով շատ շքեղ մեքենաներ, որոնց կարիքը և անհրաժեշտությունը բանակը չունի»:
Լուսանկարը՝ Panorama.am-ի








































