Օրերս «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանին առաջադրված մեղադրանքը խստացել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (Սպանություն): Նրան մեղադրանք է առաջադրվել ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության համար:
«Առաջին լրատվական»-ը զրուցել է Սմբատ Բարսեղյանի եղբոր՝ Վարազդատ Բարսեղյանի հետ, հետաքրքրվել, թե արդյոք Սմբատ Բարսեղյանը դիպուկահա՞ր է: Մեզ հետ զրույցում Վարազդատը նշեց, որ եղբայրը զինվորական ծառայության ընթացքում է ծանոթացել զենք կիրառելու կանոններին:
Անդրադառնալով եղբոր նկատմամբ մեղադրանքի խստացմանը՝ Վարազդատ Բարսեղյանը ասաց. «Սպասում ենք տեսնենք՝ այս ներկայացումն ինչ ընթացք է ունենալու: Հիմա, ըստ իս, իշխանությունը փորձում է ցույց տալ, թե իրենք աշխատանք են կատարում: Բայց այդ ամենը նախևառաջ ապացուցելու կարիք ունի, եթե սուտ մեղադրանք է առաջադրված՝ ինչ-որ լուսանկարի հիման վրա, որ իբր Սմբատ Բարսեղյանին զենքով տեսել են տանիքին, սա լուրջ քննարկումների առիթ դարձավ: Նույնիսկ եթե ենթադրենք, որ նրան այնտեղ տեսել և նկարել են, առաջին՝ դա չի նշանակում, որ նա կարող է սպանած լինել: Եվ երկրորդ՝ այդ հեռավորությունից այդ զենքով անհնար է: Մեկը հետաքրքիր բան է գրել, որ ֆանտաստիկ դիպուկահար է, եթե այդ հեռավորությունից ավտոյի մեջ մարդ է խփել»,- ասաց Վարազդատը՝ հավելելով, որ իշխանությունը մեղադրանքը խստացնելով՝ իրեն ու իր եղբորը չի ընկճել:
«Սպասում ենք ավելի հիմար բաների, որ պատրաստ է իշխանությունն անել: Այն գործը, որ սկսել են «Սասնա ծռերը», այն ճանապարհը, որով քայլում են՝ ազգն ազատագրելու, կարևորն այդ ճանապարհը մինչև վերջ անցնելն ու մարդավայել ապրելն է: Սմբատը շարունակում և շարունակելու է, ինչպես նաև ես և ցանկացած ողջամիտ մարդ»,- հավելեց Սմբատ Բարսեղյանի եղբայրը:
Բացի այդ, եղբոր խոսքով՝ դեռ պետք է դատ լինի, դեռ հայտնի չէ, թե ինչ են պարզել, և հանրությանը ներկայացնելով՝ փորձում են խուճապի մատնել կամ որոշ մարդկանց հանդեպ կարծիք ձևավորել:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հուլիսի 31-ին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարել էր. «Ամենայն պատասխանատվությամբ տեղեկացնում ենք, որ ոստիկանը մեր կրակոցից չի սպանվել»:
«Տվյալ վայրը մեզ համար տեսանելի չէ, ամենայն հավանականությամբ, նա սպանվել է հենց իրենց աջուձախ արձակած դիպուկահարի կրակոցից: Չեմ ուզում ասել՝ միտումնավոր, բայց որ մեր կողմից չի եղել, վստահեցնում եմ»,- ընդգծել էր Ավետիսյանը:
Վարազդատի խոսքով՝ «Սասնա ծռերը» եթե շենքում շարժվելու հնարավորություն ունենային, ապա նրանց կգնդակահարեին, որովհետև դա այն ժամանակն էր, երբ տղաներին հերթով սկսել էին խփել, այսինքն՝ իրենք այնտեղ չէին կարող բարձրանալ, որ մի հատ էլ մարդ սպանեին:
ԵՊՀ քարտեզագրման և կադաստրի բաժինն ավարտած Սմբատ Բարսեղյանը 2013 թվականին բանակից զորացրվելուց հետո սկսել է իր պայքարը: Եղբայրը նշեց, որ այդ պայքարին զուգահեռ զբաղվում էր նաև գյուղատնտեսությամբ:









































