Էլեկտրատեխնիկայի ճապոնական արտադրող Toshiba ընկերությունը SanDisk Corp ընկերության հետ ծրագրում է կառուցել ֆլեշ հիշողության միկրոսխեմաների արտադրության գործարան:
Ընդհանուր առմամբ շինարարության մեջ կներդրվի 400 մլրդ իեն (մոտ 4 մլրդ դոլար): Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ճապոնական գործարար Nikkei պարբերականին:
Հաղորդվում է, որ ծրագրվում է նոր գործարանում թողարկել 16-17 նանոմետր լայնութամբ միկրոչիպեր, ինչը թույլ կտա մեծացնել արտադրվող միկրոսխեմաների քանակը:
Այդպիսով՝ ընկերությունը կարող է առավելություն ստանալ Samsung Electronics-ի նկատմամբ: Նախկինում թողարկվող չիպերն ունեցել են 19 նմ լայնություն:
Նոր գործարանը շահագործման կհանձնվի հաջորդ ֆինանսական տարում, որը Toshiba-ի համար սկսվում է 2014-ի ապրիլի 1-ից: Նոր հզորությունները թույլ կտան 20 տոկոսով բարձրացնել արտադրական արդյունավետությունը: