Ինչո՞վ է բացատրվում ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համակրանքը Ռուսաստանի և նախագահ Պուտինի հանդեպ, գաղափարական, քաղաքական ի՞նչ հիմքեր ունի Պուտինի և Թրամփի փոխադարձ համակրանքը: Պատասխանելով այս հարցին՝ ամերիկացի քաղաքագետ, Նյու Յորքի Օսթին Մարքս հանրային և միջազգային հարաբերությունների դպրոցի պրոֆեսոր Թոմաս Մեյնն ասում է, որ Թրամփը կարող է ֆինանսավորվել ռուսական բանկերի և Պուտինի կողմից և ունենալ շատ կոնկրետ շահեր՝ Պուտինին համակրելու համար: Բայց կան ավելի խորքային բացատրություններ, մասնավորապես՝ այն, որ Պուտինի խարիզմատիկ, ազգայնական առաջնորդի կերպարը համակրելի է ամերիկյան քաղաքականության ծայրահեղ աջակողմյան թևը ներկայացնող Թրամփի և իր աջակիցների համար:
Դոկտոր Թոմաս Մեյնը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Միացյալ Նահանգների և Խորհրդային Միության դիմակայության դարաշրջանում ոչ դեմոկրատական գաղափարախոսությունները ամերիկյան քաղաքականության մեջ հիմնականում ձախակողմյան կամ կոմունիստական էին, այսօր ոչ դեմոկրատական շարժումները ոչ միայն Ամերիկայում, այլև մի շարք այլ լիբերալ-դեմոկրատական համակարգերում արտահայտվում են ծայրահեղ-աջակողմյան շարժումներով, և Դոնալդ Թրամփը դարձավ առաջին նախագահը, որին աջակցում էին ծայրահեղական-աջակողմյան ուժերը:
Ուշագրավ է այն, որ ավանդական պահպանողականներից շատերը չպաշտպանեցին Թրամփի թեկնածությունը՝ առաջնորդվելով Never Trump կարգախոսով: Աջակողմյան մտածողների պատկերացումները ոչ միայն գաղափարական, այլև աշխարհաքաղաքական հարցերի մասին զգալիորեն տարբերվում են շատ հանրապետականների պատկերացումներից՝ մոտ լինելով ռասիստական գաղափարներին: Պրոֆեսոր Մեյնը ասում է, որ վերջերս եղել է աջ ծայրահեղական ուժերի ներկայացուցիչների ասուլիսին, որի ժամանակ վերջիններս խոսելով Ռուսաստանի մասին՝ ասել են, թե «Ռուսաստանը վերջին մեծ տերությունն է աշխարհում, որի ժողովուրդը սպիտակամորթ է»: Ըստ էության, այսպիսին են նաև Դոնալդ Թրամփի պատկերացումները Ռուսաստանի մասին, և հավանաբար սրանով է բացատրվում նրա համակրանքը Ռուսաստանի և Պուտինի հանդեպ:
«Նրանք կարծում են, որ արևմտյան Եվրոպան, Բրիտանիան այլևս սպիտակ չէ՝ ոչ սպիտակամորթ բնակչության ներգաղթի պատճառով, և նրանք Ռուսաստանին դիտարկում են որպես սպիտակամորթ ազգ, որը չեն գրավել ոչ սպիտակամորթ ներգաղթյալները»:
– Դոկտոր Մեյն, իսկ ինչպե՞ս ստացվեց, որ Ռուսաստանը և մասնավորապես Պուտինի կերպարը դարձավ գործոն ամերիկյան ներքաղաքական բանավեճում:
– Շատ դժվար է դա հասկանալ: Ենթադրում եմ, որ Թրամփը կարող է ֆինանսական կապեր ունենալ ռուսական բանկերի հետ, որոնց ետևում կանգնած է Պուտինը, ուստի Թրամփը կարող է ունենալ շատ կոնկրետ շահեր Ռուսաստանի հանդեպ լավ վերաբերմունք ունենալու համար: Բայց ես նաև կարծում եմ, որ կարևոր դեր է խաղացել Պուտինի խարիզմատիկ, ազգայնական առաջնորդի կերպարը, որը ղեկավարում է ոչ լիբերալ ժողովրդավարության պես մի պետություն: Ռուսաստանը նման է ժողովրդավարական պետության, կարծես թե այնտեղ լինում են ընտրություններ, բայց դա իսկական ժողովրդավարություն չէ: Կարծում եմ՝ Պուտինի՝ ոչ լիբերալ ժողովրդավարական պետության առնական, խարիզմատիկ ղեկավարի այդ կերպարը գրավել է շատերին աջակողմյան հոսանքներից, այդ պատճառով աջակողմյան Հանրապետական կուսակցությունը սկսեց հիանալ Պուտինով: Սա է պատճառը, որ Թրամփը հիանում է Պուտինով, և սա պատճառներից մեկն է, թե ինչու է Պուտինը դարձել «սիրված կերպար» ծայրահեղ աջերի և մասնավորապես՝ Դոնալդ Թրամփի համար:
– Այսպիսով, կարո՞ղ ենք ասել, որ Թրամփը, փաստորեն, ամեն ինչին նայում է նեո-ռասիստական գաղափարների տեսանկյունից:
– Թրամփի գաղափարախոսությունը առաջին հերթին ավտորիտար է՝ հիմնված անձնական գրավչության վրա: Նա իրեն պատկերացնում է ուժեղ առաջնորդ, որը կառավարում է բոլորին:
Ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա՝ այո, դուք ճիշտ եք, ինչ-որ տեղ կարող ենք նաև այդպիսի եզրակացություն անել: Եվ պարտադիր չէ դա անվանել ռասիզմ: Ըստ այդ գաղափարախոսության՝ ազգը պիտի պահպանի իր ռասայական ինքնությունը և պիտի համագործակցի այն ռասաների հետ, որոնք ասոցացվում են իր հետ: Ուստի, այո, դա ծայրահեղ աջական թևի գաղափարախոսության և Թրամփի մտածողության նշանակալի բաղադրիչներից մեկն է:
– Իսկ ինչո՞վ եք ընդհանրապես բացատրում այս նոր միտումը ամերիկյան քաղաքականության մեջ, երբ իշխանության է գալիս մեկը, ով շահում է մարդկանց համակրանքը պոպուլիստական, ծայրահեղական հռետորաբանության շնորհիվ: Կարո՞ղ ենք ասել, որ սա գլոբալ զարգացումների և մասնավորապես Brexit-ի շարունակությունն է:
– Ես չեմ ուզում անդրադառնալ գլոբալ զարգացումներին: Դուք, իհարկե, կարող եք դրանք տեսնել, բայց ես խորապես չեմ ուսումնասիրել դրանք: Իմ տեսակետն այն է, որ կոմունիզմի փլուզումից հետո լիբերալ ժողովրդավարությանը մարտահրավեր նետողները հիմնականում գալիս էին ձախակողմյան հոսանքներից, որոնք ժամանակի ընթացքում սկսեցին շարժվել դեպի աջ և հարել աջակողմյան ուժերին: 1968-ը ճակատագրական տարի էր Միացյալ Նահանգների համար, ցնցումները հաջորդում էին մեկը մյուսին. սպանվեց Մարտին Լյութեր Քինգը, հետո՝ Ռոբերտ Քենեդին, Միացյալ Նահանգները անհաջողություններ էր կրում Վիետնամի պատերազմում, և դա ստիպեց մարդկանց մտածել՝ «Աստված իմ, միգուցե համակարգը լավ չի աշխատում, միգուցե արժե մտածել նոր գաղափարների մասին»: Եվ ես կարծում եմ, որ նման մի բան տեղի ունեցավ Միացյալ Նահանգներում 2000թ. հետո, երբ տեղի ունեցավ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, տնտեսական մեծ անկումը, և ավելի շատ մարդիկ սկսեցին մտածել, որ պատրաստ են լսել աջակողմյան այնպիսի գաղափարներ, որոնք չէին ուզենա լսել նախկինում: Դա բերրի հող է նախապատրաստում աջակողմյան ծայրահեղականության համար:




































