«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սիսիան քաղաքում ՏԻՄ ընտրություններին «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված և երրորդ տեղը զվաղեցրած Սրբուհի Գրիգորյանը
Սյունիքի մարզպետի պաշտոնանկությունից հետո օրերս պարզ դարձավ, որ Սուրիկ Խաչատրյանը վերընտրվել է ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար:Ըստ Ձեզ՝ ինչ է անում իշխանությունն այս քայլով:
Դա սպասելի է։ Առջևում ԱԺ ընտրություններ են, և հանրապետականն ամեն ինչ անելու է մեծ տոկոսով ԱԺ մտնելու համար։ Սուրիկ Խաչատրյանն այդ հարցում մեծ ներդրում կունենա։ Նրա շնորհիվ Սյունիքը մեծ տոկոս կապահովի հանրապետականի համար։
Արդյոք մարզպետի փոփոխությունից հետո ինչ–որ փոփոխություններ նկատվում են մարզում, մասնավորապես Սիսիան քաղաքում:
Անկեղծ ասած նոր մարզպետի աշխատելաոճին ծանոթ չեմ։ Դեռ շուտ է որևէ բան ասել, կարծում եմ։ Ժամանակը ցույց կտա։
Առհասարակ ինչպե՞ս եք գնահատում կառավարության փոփոխությունները, մասնավորապես նախորդ վարչապետի հետ փորձեցիք հանդիպել՝ բյուջեի անհամաչափ բաշխման հետ կապված: Ի՞նչ ծրագրեր կան այս վարչապետի հետ կապված:Արդյոք իրական փոփոխությունների հնարավորություն նշմարվում է:
Հետևում եմ նոր վարչապետի աշխատանքին, բայց չեմ շտապի որևէ բան ասել։ Չեմ կարծում, թե ահռելի փոփոխություններ կլինեն։ Մեր երկրի տնտեսությունը քայքայված վիճակում է։ Պետք է միավորել բոլոր սթափ մտածող անհատներին, բոլորի խելացի մտքերի հետ հաշվի նստել։ Մեր տնտեսության տասնյակ տարիների հետընթացը պատճառ է անիմաստ, երբեմն դատարկ մեծամտության։ Հաջողության է հասնում այն կառավարությունը, որը վեր է կանգնում կուսակցական ամբիցիաներից, «ինչ ուզեմ՝ կանեմ» մտածողությունից և աշխատի ՀԱՆՈւՆ երկրի։ Ես շատ եմ ասում, մենք կորցնելու ժամանակ չունենք։ Շուրջներդ նայեք. երկրի ներսում սոցիալական բևեռացում է, մեր հայրենակիցների մի մասը անպատմելի վատ սոցիալական վիճակում է. տունը տաքացնում են աթարով, բնակվարձի, կարտոֆիլի, ձեթի և աղի հոգսերով են ապրում… Իսկ վարկերը…Մի խոսքով բոլորս գիտենք…Սահմանին էլ ամենօրյա լարվածություն է… Մի փոքր հավատ կունենայի, եթե ՏԻՄ ընտրություններն այս արդյունքը չունենային։ Վանաձորյան դեպքերը ցույց տվեցին, որ հանրապետականը գործում է « ինչ ուզեմ՝ կանեմ»-ով։ Այդտեղից պետք է սկսել։ Մենք պետք է դա ստորադասենք « ինչ կարողանանք՝ անենք»-ին։ Բոլորիս գլխավոր շահը պետք է լինի Հայաստանի զարգացումն ու հզորացումը…








































