Եվրամիությունը լրջորեն մտահոգված է Թուրքիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների կապակցությամբ։ Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։
Մոգերինիի կարծիքով՝ լուրջ մտահոգությունների առիթ է հանդիսանում Թուրքիայում մահապատիժը վերականգնելու վերաբերյալ քննարկումները, խոսքի ազատության սահմանափակումը, ընդդիմադիր պատգամավորների, լրագորղների ձերբակալությունները։ Այս ամենը թուլացնում է օրենքի գերակայությունը, ոտնահարում մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները՝ ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։
Եվրամիությունը կարծում է, որ տարածաշրջանի անվտանգության համար անհրաժեշտ է սկսել քաղաքական երկխոսություն։
«ԵՄ-ն և անդամ երկրները հիշեցնում են, որ դատապարտում են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը և անհրաժեշտ են համարում ձեռնարկել համաչափ միջոցներ՝ Թուրքիային կոչ անելով պահպանել խորհրդարանական դեմոկրատիան»,-ասվում է հայտարարության մեջ։
Մոգերինիի խոսքով՝ Եվրամիությունը կշարունակի հետևել Թուրքիայում տիրող իրավիճակին և պատրաստ է շարունակել քաղաքական երկխոսությունը բոլոր մակարդակների վրա։









































