Օգոստոսի 6-ին լրանում է մեկ տարին, երբ ամերիկյան Curiosity մարսագնացը վայրէջք կատարեց Կարմիր մոլորակի վրա: Հետազոտական սարքում տեղադրված է գիտական լաբորատորիա, որը զինված է համապատասխան սարքավորումներով, որոնց օգնությամբ այն ուսումնասիրում է մարսիական հողից վերցված նմուշները: Գլխավոր նպատակն է պարզել՝ Մարսում երբևէ գոյություն ունեցե՞լ են կենսապայմաններ: Այս մասին հայտնում էVesti-ն:
Curiosity-ի երկարությունը հասնում է 2.8 մետրի, քաշը 900 կգ է: Լաբորատորիան շարժվում է երեք զույգ անիվներով: Այն կարող է ամբողջական պտույտ կատարել, հաղթահարել 75 սմ բարձրությամբ խոչընդոտները:
Ներկայում Curiosity-ն ուղղվում է Մարսում իր առաքելության գլխավոր թիրախի կողմը: Շարպ լեռը գտնվում է վայրէջքի կետից 8 կմ հեռավորության վրա: Սպասվում է, որ ուղևորությունը կտևի մի քանի ամիս:
Նախագիծն ամերիկյան տիեզերական գերատեսչությանն արժեցել է 2.5 մլրդ դոլար: Ծրագրված է, որ մարսագնացը Կարմիր մոլորակում կաշխատի ընդհանուր 687 երկրային օր:










































