«Հրապարակ» օրաթերթը այսօրվա համարում գրում է.
«Օրերս մենք անդրադարձել էինք ՀՀ արտաքին քաղաքականությանը, մասնավորապես տարբեր երկրներում դեսպանություններ բացելու մարմաջին, որը ոչնչով չի բացատրվում:
«Ասենք՝ Ինդոնեզիայում դեսպանատան գոյությունը դժվար է հայ-ինդոնեզական գործուն կապերով և փոխադարձ հետաքրքրություններով բացատրել: Դիվանագիտական աշխատանքի նրբություններին տեղյակ անձինք այդ մարմաջը բացատրում են այս կամ այն մեծահարուստի դեսպան նշանակվելու կամ իշխանության կողմից որևէ քաղաքական դեմքի դեսպանի պաշտոն նվիրաբերելու անզուսպ ցանկությամբ: Երեկ ԱԳՆ-ի ներսից նոր տեղեկություններ ստացանք:
Պարզվում է՝ մոտ ժամանակներում ՀՀ դիվանագիտական կորպուսում մեծ փոփոխություններ են սպասվում: Փոփոխություններ չեն լինի միայն ԱՊՀ երկրների դիպկորպուսներում, մինչդեռ եվրոպական երկրներում մեծ փոփոխություններ են սպասվում՝ հիմնականում ռակիրովկաներ: Եվ փոխվելու է ԱՄՆ-ում 2005 թվից ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ով էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հարազատ եղբայրն է:
«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը թույլ չի տալիս անվերջ դեսպան աշխատել, դեսպաններին, որպես կանոն, ռոտացիայի են ենթարկում՝ վերադարձնում հայրենիք: Այլ բան է, որ այս կանոնը ոչ միշտ են կիրառում և ոչ բոլորի հանդեպ: Մարգարյանն ըստ էության գերազանցել է բոլոր լիմիտները և պետք է վերադառնա:










































