News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կին Սանդրա Ռուլովսը ԿԸՀ-ին հայտնել է, որ հրաժարվում է իր պատգամավորական մանդատից։
Այդ մասին հայտնել է Վրաստանի ԿԸՀ-ի մամլո ծառայությունը։ Սանդրա Ռուլովսը եղել է նախկինում իշխող «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության ցուցակի երկրորդ համարը, որի հիմնադիրը նրա ամուսինն է։
Նա պատգամավոր է դարձել այն բանից հետո, ինչ հոկտեմբերի 8-ին ու 30-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ՄԱՇ-ը խորհրդարանում ստացել է 27 մանդատ։
Նախնական տվյալներով՝ խորհրդարանում Սանդրա Ռուլովսի տեղը զբաղեցնելու է ՄԱՇ-ի կուսակցական ցուցակում 28-րդ տեղում հանգրվանած Գեորգի Գվինիաշվիլին, ով Կախեթիի նախկին նահանգապետն է։
Սանդրա Ռուլովսը նաև եղել է մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Զուգդիդիի ընտրական օկրուգից, սակայն անցնելով երկրորդ փուլ՝ հրաժարվել է հետագա պայքարից՝ ընդգծելով, որ իշխանությունները Սամեգրելոյի շրջանում ստեղծել են ծանր իրավիճակ և հալածում են իր կողմնակիցներին։










































