Ամառային հանգստի շրջանում, երբ օգտատերերն իրենց հետ վերցնում են պլանշետներն ու սմարթֆոնները՝ հեռու գտնվելով հեռուստաէկրաններից, Facebook-ն ու Twitter-ը սկսել են ակտիվություն դրսևորել բջջային գովազդի շուկայում:
Համաշխարհային մարքեթինգի հարցերով Facebook-ի փոխնախագահ Քերոլայն Էվերսոնը նշել է, որ ինքը չի հավատում, թե հեռուստացույցի էկրանը մնում է հիմնական: Նրա կարծիքով՝ ներկայում հիմնականը բջջայինի էկրանն է:
Ինչպես գրում է Financial Times-ը, փորձագետների գնահատականներով՝ 2013-ին հեռուստագովազդի ծախսերը կհասնեն 205 միլիարդ դոլարի:
Չնայած բջջային և համացանցային գովազդի ծախսերը զգալիորեն քիչ են, վերջին հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիներն ավելի շատ ժամանակ են անցկացնում իրենց բջջային սարքերով, քան հեռուստացույցի էկրանի առջև: Սոցիալական ցանցերը մտադիր են օգտվել դրանից՝ հեռուստաալիքների դեմ պայքարել գովազդային բյուջեների իրենց մասնաբաժինների համար:









































