ԱՄՆ նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նամակագրությունում կա պնդում, որ ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունը ֆինանսավորվում է Սաուդյան Արաբիայի և Կատարի կառավարությունների կողմից, հաղորդում է WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժը։
«Կա 2014թ․ նամակ Հիլարի Քլինթոնից, ով որոշ ժամանակ առաջ լքել էր պետքարտուղարի պաշտոնը։ Նամակն ուղղված է նրա նախընտրական քարոզարշավի նախագահ Ջոն Պոդեստային։ Էլեկտրոնային նամակում ասվում է, որ ԴԱԻՇ-ը ֆինանսավորվում է Սաւուդյան Արաբիայի և Կատարի կառավարությունների կողմից»,-ասել է Ասանժը։
Նա նաև նշել է, որ Քլինթոնի նամակներում լուրջ քննարկում կա Սաուդյան Արաբիային զենք վաճառելու գործարքի վերաբերյալ, որի արժեքը գերազանցում է 80 միլիարդ դոլարը։
«Քլինթոնի աշխատանքի տարիներին ԱՄՆ-ից զենքի արտահանման ծավալները կրկնապատկվել են»,-ասել է Ասանժը։
Ի պատասխան հարցի՝ արդյոք այդ փաստը կապված է այն հանգամանքի հետ, որ ԴԱԻՇ-ին ֆինանսավորում են այն նույն մարդիկ, որոնք գումար են տալիս Քլինթոնի հիմնադրամին, Ասանժը պատասխանել է՝ «այո»։







































