Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ, սեռական բնույթի տեսագրությունների պատճառով հրաժարական են տվել «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) 4 նոր ներկայացուցիչներ: Խոսքը գնում է ԱՇԿ փոխնախագահ և Սամսունում ԱՇԿ պատգամավորական թեկնածու Օսման Չաքըրի, ԱՇԿ փոխնախագահներ Մեհմեթ Էքիջիի ու Ումիթ Շաֆաքի, ինչպես նաև ԱՇԿ գլխավոր քարտուղար Ջիհան Փաչաջըի մասին:
Սրանով սեռական սկանդալի մեջ հայտնվելու պատճառով ԱՇԿ վերնախավում հրաժարական տվածների թիվը հասավ 7-ի: Ակնկալվում է, որ շուտով հրաժարական կտան նաև Ահմեթ Դենիզ Բոլուքբաշըն և Մեհմեթ Թայթաքը:
Հիշեցնենք, որ ԱՇԿ-ում առաջին «երկրաշարժը» գրանցվեց ապրիլի 28-ին, երբ ինտերնետում հայտնվեցին ԱՇԿ փոխնախագահներ Ռեջայի Յըլդըրըմի և Մեթին Չոբանօղլուի ինտիմ տեսագրությունները: Ընդ որում, ԱՇԿ-ն Ռեջաիի թեկնածությունն առաջադրել էր Ադանայում, իսկ Մեթինի թեկնածությունը`Քըրշեհիրում:
Երկրորդ «երկրաշարժը» գրանցվեց մայիսի 9-ին, որի զոհերը դարձան կազմակերպչական հարցերով ԱՇԿ փոխնախագահ Բյուլենթ Դիդինմեզն ու Ստամբուլի նահանգում ԱՇԿ նախկին նախագահ Իհսան Բարութչուն: ԱՇԿ-ն նրանց երկուսի թեկնածությունն էլ առաջադրել էր Ստամբուլում: Այս երկու «երկրաշարժերի» արդյունքում ԱՇԿ-ի 550 պատգամավորական թեկնածուների թվաքանակը նվազեց մինչև 546:
Այս ամենը ստիպեց ԱՇԿ ղեկավար Դևլեթ Բահչելիին «թաքնված տեսախցիկի» տագնապ հնչեցնել կուսակցության բոլոր գրասենյակներում` դրանք ամբողջովին խուզարկելու համար: Սակայն դա ապարդյուն անցավ, քանի որ թուրք ազգայնականների սեռական արկածները ինչ-որ մեկի (Բահչելին մեղադրում է Էրդողանին) հրահանգով նկարահանվել էին առավել վաղ և ինտերնետում հայտնվեցին շատ ճիշտ ժամանակին` հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:
Ընդ որում, ԱՇԿ-ի սեռական տեսագրությունները համացանցում տարածող Farklı Ülkücülük ինտերնետային կայքը Դևլեթ Բահչելիին կոչ էր արել մինչև մայիսի 18-ի ժամը 10.00-ն հրաժարական տալ և հանել թեկնածությունը խորհրդարանական ընտրություններից:
Farklı Ülkücülük-ը նաև պահանջել էր, որ Բահչելիի հրաժարականից հետո ԱՇԿ նախագահի պաշտոնը պետք է ստանձնի ԱՇԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Օքթայ Վուրալը: Հակառակ դեպքում կայքը սպառնացել էր համացանցում տարածել ԱՇԿ-ի մասնակցությամբ սեռական բնույթի նոր տեսանյութեր:
Չպետք է մոռանալ, որ ընտրությունների ժամանակ ԱՇԿ-ն թուրքական խորհրդարանում գոյատևման պայքար է մղելու, և այս ամենը կարող է աղետալի հետևանքներ ունենալ նրա համար:









































