ՀՀ-ի դեպքում Ասոցացման համաձայնագիրը սիմվոլիկ բնույթ կկրի, որը սպառնալիք չէ ՌԴ-ի համար: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքագետ, վերլուծաբան Ֆեոդոր Լուկյանովը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլին:
Նա նշեց, որ իր համար բավականին անսպասելի գնահատականներ են հնչում, թե հայ-ռուսական հարաբերությունները ճգնաժամային փուլ են թևակոխել: Ըստ նրա՝ անհասկանալի է, թե ինչումն է կայանում ճգնաժամը: Ռուսաստանցի քաղաքագետի համոզմամբ՝ այդ հարաբերություններում այնպիսի բան չի փոխվել, որը ճգնաժամային պայմաններ ստեղծի այդ հարաբերություններում:
«Այսօր հայ-ռուսական հարաբերություններն առաջին հերթին հիմնված են անվտանգության ոլորտում բավականին սերտ համագործակցության վրա, և եթե հաշվի առնենք, թե ինչպիսի հատուկ, ծայրահեղ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում է գտնվում Հայաստանը, ապա կարելի է ասել, որ այն Ռուսաստանից բացի՝ այլ տարբերակներ չունի, միակ երկիրը, որը պատրաստ է ապահովել ՀՀ-ի անվտանգությունը, ՌԴ-ն է, և այդպիսի այլ երկիր գոյություն չունի: Իսկ մնացածը՝ խոսակցությունները, քաղաքական հոսանքներն այս ու այն կողմ, սպեկուլյատիվ մեկնաբանությունները ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ, երկրորդական և կոնյունկտուրային բնույթ են կրում»,- ասաց Լուկյանովը՝ հավելելով, թե չի կարծում, որ հայ-ռուսական հարաբերությունները վերաիմաստավորման և վերաձևակերպման կարիք ունեն:
Ռուսաստանցի վերլուծաբանը համոզված է, որ ոչ ԵՄ-ն, ոչ եվրոպական երկրները չեն ապահովի ՀՀ-ի անվտանգությունը, ինչպես Ռուսաստանը: Նա նախ պարզաբանեց, որ ԵՄ-ն այն կառույցը չէ, որն անվտանգության հարցերով է զբաղվում, մի քանի տարի առաջվա փորձերը՝ ուժեղացնել այդ բաղադրիչը, ոչ թե այն հիմնական դարձնել, ավարտվեցին ձախողմամբ, որից հետո ԵՄ-ն այս ոլորտում աշխատանքներ չի ծավալում:
«Իսկ եթե նույնիսկ պատկերացնենք, որ ԵՄ-ն ակտիվ լիներ այդ ուղղությամբ, ինչո՞ւ պետք է ՀՀ-ի անվտանգությունն ապահովեր. ՀՀ-ն ԵՄ-ի հետ սահման չունի: ԵՄ-ն այս տարածաշրջանում հետաքրքրություններ ունի, բայց այնքան սուր չեն դրանք, ուստի ՀՀ-ԵՄ հարաբերություններն այլ կատեգորիայի են»,- ասաց Լուկյանովը:
Ապա անդրադառնալով ՀՀ Ասոցացման հեռանկարի վերաբերյալ ՌԴ դիրքորոշմանը՝ նա ասաց, որ ՌԴ-ն դրական չի վերաբերվում Արևելյան գործընկերության երկրների ցանկացած առաջընթացին ԵՄ-ի հետ այնպիսի համաձայնագրերի, որոնք պարտավորեցնում են ինստիտուցիոնալ փոփոխություններ և փաստաթղթեր:
«Մենք տեսնում ենք, որ կա հատկապես նման տեսանելի առաջընթաց Ուկրաինայում: ՌԴ-Ուկրաինա հարաբերությունների այլ տրամաչափ է գործում, և ԵՄ-ի ցանկացած ձգտում՝ ինստիտուցիոնալ կապեր հաստատել հետխորհրդային երկրների հետ, չի առաջացնում ՌԴ-ի հիացմունքը: Այլ հարց է, որ Ուկրաինայի դեպքում ավելի սուր բնույթ է կրում այդ համաձայնագիրը, սակայն Հայաստանի դեպքում այն սիմվոլիկ բնույթ է կրելու: Պրակտիկորեն այն քիչ բան է փոխելու և Հայաստանի, և Ռուսաստանի համար: Ուկրաինան այն երկիրն էր, որին Ռուսաստանը կցանկանար տեսնել ՄՄ-ում, և ընտրությունը, որը ԵՄ-ն դնում է Ուկրաինայի առջև, սուր է: Այդ համաձայնագրի ստորագրման արդյունքում Ուկրաինան կփոխի առևտրային պայմանների մի ամբողջ շարք, իսկ Հայաստանի դեպքում այն կլինի սիմվոլիկ, քան պրակտիկ, ուստի Հայաստանի հարցը ՌԴ-ի համար պակաս ակտուալ է այդ մասով»,- մեկնաբանեց Լուկյանովը:









































