2012-ի փետրվարի 2-ին, հայկական զինված ուժերի հարավ-արևելյան սահմանագծի զորամասերից մեկի հսկողության տակ գտնվող մարտական դիրքում գտել էին ժամկետային զինծառայող Կառլեն Բաղդասարյանի դին` ճակատային հատվածում հրազենային վնասվածքով:
Կրակոցից անմիջապես հետո դիրք շտապած զինծառայողները տարածել էին ՙինքնասպանության՚ վարկածը` ՙԿառլենն ինքն իրան խփել ա…՚: Այդպես էլ քրեական գործը հարուցվել էր ինքնասպանության հասցնելու փաստով, և մեղադրանք էր առաջադրվել ջոկի հրամանատար Արթուր Զաքարյանին` իշխանազանցության համար, որն անզգուշությամբ առաջացրել էր ծնար հետևանքներ:
Իսկ ինչ էր եղել դեպքից առաջ: Ականատես վկաների պատմելով` 2012թ. հունվարի 27-ին, մի քանի հոգով, գումարտակի անձնակազմի հետ մարտական հերթապահության են նշանակվել մարտական դիրքերից մեկում: Նույն դիրքում հերթապահության են նշանակվել շարքայիններ Արամ Խանդոյանը, Գևորգ Խաչատրյանը և կրտսեր սերժանտ Արթուր Զաքարյանը: Վերջինս նշանակվել է դիրքի ավագ: Մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակ 2012թ. փետրվարի 2-ին ժամը 13:40-ին գետնատնակում Արթուր Զաքարյանն արթնացրել է հանգստացող հերթափոխի զինծառայողներ Արտակ Սարգսյանին և Արման Մարտիրոսյանին, սակայն վերջիններս դժվարությամբ են արթնացել: Դրա պատճառով Արթուրն ասել է, որ այսուհետ վերջիններիս անց կես է արթնացնելու քնից, այսինքն հերթափոխ կատարելուց 30 րոպե առաջ: Դա լսելով Արման Մարտիրոսյանն ասել է. ՙինձ անց կես պադյոմ տվողին…, «պոնչ» շարունակիր» դիմել է համածառայակից Կառլեն Բաղդասարյանին, որին «Պոնչ» էին ասում: Կառլենն ասել է. «դե գիտեք ինչ պետք է ասեմ» և ասել «տուուտ, տարամ, տարարամ, տուուտ», որը իրենք գիտեն, որ հայհոյանք է նշանակում: Դրան ի պատասխան Արթուրն ասել է. «Պոնչ ախույիտ մի եղիր», իսկ վերջինս պատասխանել է. «ախույիտ դու ես լինում»: Դրանից հետո Արթուրը Կառլենին զգուշացրել է` խելոք մնալ, և միաժամանակ սեռական բնույթի սպառնալիք տվել, ինչին նույն ձևով հակադարձել է Կառլենը: Այդ ժամանակ Արթուրը հայհոյելով մոտեցել է Կառլենին և ձեռքերով ու ոտքով սկսել հարվածներ հասցնել, որին Կառլենը հարվածներով է պատասխանել: Համածառայակիցների միջամտությամբ նրանց վեճը դադարեցվել է: Դրանից հետո Արթուրը վազել է դեպի գետնատնակի կացարանի դուռը, դուրս եկել միջանցք, վերցրել ԱԿ-74 տեսակի ինքնաձիգներից մեկը և մեկ փամփշտատուփ, փորձել այն ամրացնել ինքնաձիգին և ասել, որ պետք է խփի: Արամ Խանդոյանը մոտեցել է, ինքնաձիգից անջատել փամփշտատուփը և ինքնաձիգը վերցրել: Դրանից հետո Արթուրը մոտեցել է կացարանում կանգնած Կառլենին և բռունցքով 3 անգամ հարվածել նրա դեմքի շրջանին: Կառլենը ևս փորձել է հարվածել, սակայն տղաները բաժանել են նրանց: Դրանից հետո Արթուրի պահանջով նրանք դուրս են եկել գետնատնակից, որից մոտ 1 կամ 2 րոպե անց լսել են Կառլենի ձայնը, ով ասում էր, «Մետաքս մի խփի». տղաները Արթուրին այդպես էին անվանում, քանի որ նա Երևանի մետաքս թաղամասում էր ապրում: Արթուրն ասել է, որ զորամաս իջնելուց հետո պատասխան է տալու, հետո ավելացրել է, որ ծառայությունը պրծնելուց հետո գալու է նրան տեսնի: Դրանից հետո Կառլենը գնացել է վառարանի կողմը և պառկել: Ժամը 15:40-ի սահմաններում շարքայիններ Արամը, Կառլենը և Վիկտոր Խոնդկարյանն արթնացել են և միասին գնացել դիտակետ: Այնտեղ Արամն ու Վիկտորը Կառլենի հետ չեն խոսել, քանի որ վերջինս անտրամադիր է եղել:
Ժամը 17-ի սահմաններում կրակոցի ձայն են լսել: Վիկտորն ու Արամը վազելով գնացել են երկրորդային դիտակետ և Կառլենին ընկած տեսնելով` հասկացել, որ նա ինքնասպանություն է կատարել: Արամը իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով մի քանի մենահատ կրակոց է արձակել, որից հետո իրենց մոտ է եկել Արթուրը: Արամը նրան ասել է. «Պոնչը էլ չկա»: Այնուհետև դիտակետ է եկել նաև հենակետի պատասխանատու Սևակ Նավոյանը: Ըստ Արամի` Արթուրը լաց էր լինում, ասում` «ես դատվա», և ինքը նկատել է, որ նա ուշագնաց է եղել: Որոշ ժամանակ հետո եկել են նաև այլ սպաներ և նրան տեղափոխել դիրքից:
Մինչդեռ Արտակի ցուցմունքում նշվում է, որ կրակոցներից որոշ ժամանակ անց Արթուր Զաքարյանը վազելով եկել է դեղերի արկղի հետևից և ասել, որ Կառլեն Բաղդասարյանը 2-րդ դիտակետում իրեն խփել է:
Ներկայացված մեղադրանքում ամբաստանյալ Արթուրն իրեն մեղավոր չի ճանաչել. նա հաստատելով ականատեսների ցուցմունքները` դատարանում ասել է, որ Կառլենից նման արտահայտություն չէր սպասում, քանի որ նրա հետ ինքը նորմալ հարաբերությունների մեջ է եղել: Ինքը Կառլենի կատարած հայհոյանքի համար չի կարողացել իրեն տիրապետել, քանի որ նա իր հասցեին հնչեցրած հայհոյանքով կպել է իր ընտանիքին:
Ինքը զենքը վերցրել է, քանի որ այդ պահին բարկացած է եղել, սակայն կարծում է, որ Կ. Բաղդասարյանը իր կատարած գործողությունների պատճառով չէ ինքնասպանություն գործել, քանի որ իրենք իրար փոխադարձ հայհոյել և հարվածներ են հասցրել: Նշված դեպքում Կառլենը սկզբում իրեն կսպաներ, որից հետո ինքնասպանություն կգործեր:
Ամբաստանյալը և մյուս համածառայակիցները նշել են, որ դեպքի օրն են իմացել, որ Կառլենը դատվածություն է ունեցել` հորաքրոջ «վրա դանակ քաշելու համար»: Այդ մասին մինչ այդ իմացել է միայն գործով անցնող սպա, ջոկի հրամանատար, Կառլենենց և ևս երկու դիրքերում ստուգումներ իրականացնող պատասխանատու Սևակ Նավոյանը: Թե ումից, երբ և ինչ նպատակով է իմացել` չի հիշում:
Տուժողի իրավահաջորդը` Կառլենի հայրը, դատարանում պատմել է, որ որդին 2010թ. դեկտեմբերի 6-ին զորակոչվել է բանակ և ծառայության նշանակվել նույն զորամասում, որտեղ մահացել է: Ծառայությունն անցել է նորմալ և որդին ծառայությունից չի բողոքել և գոհ է եղել: Որդին երկու անգամ արձակուրդ է եկել, որի ժամանակ ասել է, որ ամեն ինչ նորմալ է և որևէ խնդիր չկա:
2012թ. փետրվարի 2-ին իրենց հարևան Վարդանը ասել է, որ որդին` Կառլենը մահացել է: Ինքը սկզբում մտածել է, որ որդուն թուրքն է խփել, իսկ հետո Սևակ Նավոյանի հետ ունեցած զրույցի ժամանակ, վերջինս տեղեկացրել է մահվան` վերոնշյալ հանգամանքների մասին: Մինչդեռ հոր կարծիքով` որդուն մի քանի հոգով են ծեծի ենթարկել: Ավելին, որ որդուն ավելի շուտ Արթուր Զաքարյանն է կրակել, քանի որ կրակոցը մոտ 3-4 մետրից է եղել, իսկ եթե որդին ինքնասպանություն է գործել, ապա դա կատարել է Ա. Զաքարյանի կողմից նրան ծեծի ենթարկելու պատճառով:
Հայրը խնդրել է դատարանից` կայացնել արդարացի դատավճիռ:
Վկաների ցուցմունքներից ուշագրավ է Արման Մարտիրոսյանի ցուցմունքը, ում հիմար արտահայտության, այն մինչև վերջ չասելու և Կառլենին փոխանցելու պատճառով` հենց վերջինիս է դրել ծայրահեղ վատ վիճակում: Նա ասել է, որ չգիտի, թե ինչու է Կառլենը ինքնասպանություն գործել, նրա ասած «տարայ-տիրայը» չի ընդունել որպես հայհոյանք, չնայած բոլորը հասկացել են, որ դա հայհոյանք է, և ավելացրել. «սրբություն հայհոյելը իրենց մոտ ընդունված չէ և ինքը նման բաներ չի ընդունում: Եթե ինքը լիներ Ա. Զաքարյանի փոխարեն նույնպես նման կերպ կվերաբերվեր»:
Այսինքն, զինծառայողների նորմալ հարաբերությունները խախտողը, վեճ հրահրողը մնացել է պատասխանատվությունից դուրս:
Ուսումնասիրելով գործով անցնող վկաների ցուցմունքները, կասկած գրեթե չի մնում, որ Կառլեն Բաղդասարյանն ինքնասպանություն է գործել իրեն ամրակցված ինքնաձիգով, բայց մի կարևոր ապացույց կարծես թե պակասում է ու կասկածի տեղիք տալիս: Երեք դիրքերի պատասխանատու Սևակ Նավոյանը փորձաքննության է ներկայացրել այդ օրը հերթապահություն իրականացրած զինծառայողների զենքերը` ԱԿ 74 տեսակի 1482844, 1162332, 2471252, 1288508, 1299641 համարների ինքնաձիգները և ԿԶԳ տեսակի 3367 և 0635 համարների գնդացիրները: Նկատենք` դրանց մեջ չկա Կառլեն Բաղդասարյանի ինքնաձիգը, որը կրել է ԱԿ-74 տեսակի 1477215 համարը: Քրգործում միայն նշվել է, որ Կառլենին ամրակցված է եղել վերոնշյալ համարի ինքնաձիգը, որի վրայից, չգիտես ինչու և ինչպես` մարդասպանի մատնահետքերն անհետացել են. փորձագետներն արձանագրել են.«Ներկայացված «ԱԿ-74» հմ. 1477215 ինքնաձիգի և դրա վրա ամրացված փամփշտատուփի վրա հետազոտության համար պիտանի որևէ պապիլյար գծանախշերի հետքեր կամ դրանց առանձին հատվածներ չկան»: Այսինքն, կարևոր ապացույցը` մատնահետքերը չկան. մի բան ինչը սովորաբար բացակայում է հատկապես ինքնասպանություն որակված քրեական գործերում: Բայց մի բան հաստատ է` «ինքնասպաններն» իրենց մատնահետքերը չեն կարող մաքրել…
Այդուհանդերձ, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արթուր Բաղդասարյանին մեղավոր է ճանաչել իշխանազանցության մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, և նրան դատապարտել 5 տարվա ազատազրկման:
Ամբաստանյալը վերաքննիչ դատարանից խնդրել է բեկանել և փոփոխել դատավճիռը, իր արարքը վերաորակել և կայացնել արդարացի դատական ակտ: Մեղավոր ճանաչելու դեպքում նշանակել ավելի մեղմ պատիժ և այն պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան:











































