Իտալիան պատրաստ է վետո դնել ԵՄ բյուջեի վրա, եթե արևելյան Եվրոպայի պետությունները չընդունեն ներգաղթյալների։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Մատեո Ռենցին՝ փոխանցում է La Repubblica-ն։
«Եթե երկրները, ինչպիսիք են Հունգարիան և Սլովակիան, մեզ բարոյականություն են սովորեցնում ներգաղթյալների հետ կապված և դրա հետ մեկտեղ չեն օգնում, իսկ հետո ուզում են մեր գումարները, ապա 2017 թվականին, երբ սկսվի բյուջեի քննարկումը, Իտալիան պատրաստ կլինի վետո դնել»,-նշել է Ռենցին։
Նրա խոսքով՝ իշխող մեծամասնությունն ու ընդդիմությունը պետք է հայտնեն այդ երկրներին, որ մեխանիզմը, համաձայն որի՝ Հռոմը ԵՄ բյուջե է վճարում 20 մլրդ եվրո, իսկ ԵՄ-ն՝ վերադարձնում 12 մլրդ եվրո, այլևս չի աշխատում։
Ռենցին 2017 թվականն անվանել է առանցքային՝ ներգաղթյալների հոսքը կանգնեցնելու համար, որոնք փորձում են Միջերկրական ծովով հայտնվել Եվրոպայում։ «Եվս մեկ նման տարի Իտալիան չի հանդուրժի»,-ընդգծել է վարչապետը։










































