Իրաքում 28-ամյա բիզնեսմեն Մուհամմեդ Ալ Մավսիլին 2 բիզնես-գործընկերների հետ ծովահենային ռադիոկայան է հիմնել, որի հաղորդավարները եթերի միջոցով պայքարում են ԴԱԻՇ-ի ազդեցության դեմ: Այս մասին հայտնում է CNN-ը:
Alghad FM ռադիոկայանը, որի անվանումը թարգմանաբար նշանակում է «վաղը», ստեղծվել է մեկ տարի անց այն բանից, երբ ԴԱԻՇ-ը գրավել է Մոսուլը:
Այն հեռարձակվում է պաշարված քաղաքի բնակիչների համար Իրաքի հարաբերականորեն անվտանգ քրդական շրջանից և որպես պայքարի միջոցներ օգտագործում է երաժշտությունը և ճշմարտությունը: Մուհամմեդ Ալ Մավսիլին բիզնեսմենի իսկական անունը չէ. նա իր անձը գաղտնի է պահում, որ գրոհայիններն իրեն չգտնեն ու մահապատժի չենթարկեն:
Ռադիոկայանի հիմնադրի խոսքով՝ նույնիսկ իր ծնողները չգիտեն իր ընդհատակյա գործունեության մասին:
Նշվում է, որ ԴԱԻՇ-ն արգելել է Մոսուլում արբանյակային հեռուստատեսություն, համացանց, երաժշտություն, ֆիլմեր, գրքեր, նաև բջջային հեռախոս օգտագործել: Այդ կանոնները խախտողները կարող են մահապատժի ենթարկվել ԴԱԻՇ-ի գրոհայինների ձեռքով:









































