Բելառուսական «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռը, որը Կիևի օդանավակայանից ուղևորվել է Մինսկ, կործանիչներ բարձրացնելու սպառնալիքի տակ ստիպված վերադարձել է ուկրաինական օդանավակայան: Պատճառն օդանավում գտնված Հայաստանի քաղաքացին է եղել: Obozrevatel.com-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ավիաընկերության լրատվական ծառայությունից:
«Բելառուսի օդային տարածք մտնելուց 50 կիլոմետր հեռավորության վրա դիսպետչերից ստացվել է հաղորդում այն մասին, որ ինքնաթիռն անմիջապես վերադառնա օդանավակայան: Որևէ բացատրություն չի տրվել: Հաղորդվել է, որ եթե հրամանը չկատարվի, օդ կբարձրանան կործանիչները»,- ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ:
Այն բանից հետո, ինչ ինքնաթիռը վերադարձել է Կիևի օդանավակայան, Ուկրաինայի իրավապահ մարմիններն ինքնաթիռից իջեցրել են մեկ ուղևորի, ով Հայաստանի քաղաքացի է եղել: Հաղորվում է, որ ուղևորի ազգանունը Մարտիրոսյան է եղել: Նրան մեղադրել են Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակից լինելու ու հանցանք գործելու մեջ:
ՀՀ քաղաքացին իրավապահ մարմինների կողմից ավելի ուշ ազատ է արձակվել և 19:00-ի թռիչքով մեկնել Մինսկ:
«Բելավիա» ավիաընկերությունը հայտնել է, որ ուկրաինական կողմից պահանջելու է օդանավի ծախսերի փոխհատուցում:







































