Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է ներկայացրել ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավորՎահան Բադասյանի հայտարարության առնչությամբ։
«ՀՀ ՊՆ ալյուրի մատակարարման մրցույթներին, որոնք անցկացվել են մի քանի չափաբաժիններով և փուլերով, մասնակցել են տասնյակ ընկերություններ: Մրցույթների համար հաշվարկային նախնական գինը եղել է 220 դրամ՝ 1 կգ 1-ին կարգի ալյուրի համար: Նշված ընկերությունների մեջ եղել են նաև ընկերություններ Արցախից: Պարոն Բադասյանի ներկայացրած «Սիփան» ընկերությունը, որը կապ չունի ՀՀ ԶՈւ ԳՇՊ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ, մասնակցել է ամենափոքր չափաբաժիններից մեկի մրցույթին: (Մրցույթներում եղել են նաև 5 անգամ ավելի մեծ չափաբաժիններ):
Նույն չափաբաժնի համար պայքարել է նաև մեկ այլ ընկերություն, որի առաջարկած գինը ավելի բարձր է եղել:
Այլ չափաբաժնի համար մրցույթներում հաղթել են նաև Արցախյան 5 այլ ընկերություններ: Հաղթող ընկերությունները մատակարարել են 164-173 դրամ գներով»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Վահան Բադասյանի մտահոգությունը հետևյալն էր.
«Հարգարժան պարոն վարչապետ,
ՀՀ զինված ուժերի Գլխ.Շտաբի պետը լինելով նախկինում ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ի պետ`փոխնախարար, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության և ՊՆ-ի միջև կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ։ Այս երևո՞ւյթն է կոռուպցիայի երևույթ, թե՞ նույն դպրոցում մայր ու աղջկա որպես մանկավարժ աշխատելը։ Կարո՞ղ եք պատասխանատվության ենթարկել ԳՇ-ի պետին։ Կամ եթե ես զրպարտում եմ Գլխավոր Շտաբի պետին, ինձ պատասխանատվության կենթարկե՞ք։ Իսկ ընդհանրապես իրավապահ և անվտանգության մարմիններին այս և նման երևույթները չե՞ն հետաքրքրում։
Սիրով, հույսով և հոժարությամբ սպասում եմ բոլորիդ արձագանքին՝ վերացնելու այս ազգակործան երևույթները, որի պատճառով առաջնագծում զոհվում են ժողովրդի զավակները»։









































