Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի անկախության 25-ամյակի կապակցությամբ մասնակցել է Հեյդար Ալիևի կենտրոնում կազմակերպված պաշտոնական ընդունելությանը։
Իր ելույթում Ալիևը հայտարարել է. «Հարևանների հետ հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Չկա որևէ խնդիր։ Այդպես էլ պետք է լինի։ Եթե յուրաքանչյուր երկիր կարողանար հարաբերություններ կառուցել հարևանների հետ, ինչպես որ արել ենք մենք, ապա աշխարհում չէին լինի պատերազմներ։
Պատերազմների գլխավոր պատճառն այն է, որ հարևանները խնդիրներ են ունենում միմյանց հետ։ Վերստին հայտարարում եմ, որ եթե 1990-ական թվականների սկզբին իշխանության ղեկին լիներ մեծ առաջնորդ Հեյդար Ալիևը, ապա երբեք չէր սկսվի հայ-ադրբեջանական պատերազմը։
Մենք երբեք թույլ չէինք տա դա։ Սակայն այսօր մենք պետք է լուծենք այդ խնդիրը։ Մենք ունենք ինչպես դիվանագիտական, այնպես էլ՝ այլ ուղիներ։ Ադրբեջանը շատ մեծ ջանքեր է գործադրել բանակաշինության ուղղությամբ։ Մենք գիտենք մեր ուժը, վստահ ենք նրանում, պարզապես ձգտում ենք հարցը լուծել խաղաղ ճանապարհով»։









































