Եվրամիությունը արդեն վաղվանից բանակցություններ կսկսի Սիրիայի քաղաքական ապագայի վերաբերյալ տարածաշրջանի երկրների` մասնավորապես Թուրքիայի, Իրանի և Սաուդյան Արաբիայի հետ, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով ներկայացուցիչ ֆեդերիկա Մոգերինին: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
«ԵՄ-ն վաղվանից կսկսի բանակցությունները, մասնավորապես Թուրքիայի, Իրանի, Սաուդյան Արաբիայի հետ: Մենք կշարունակենք աշխատել Սիրիայի տարբեր ընդդիմադիր խմբերի հետ` ներառյալ քաղաքացիական հասարակության, կանանց, քրիստոնեական փոքրամասնության և այլն, որպեսզի սկսենք մշակել կյանքը հակամարտությունից հետո»,- ԵՄ ԱԳ նախարարների նիստում Սիրիայի իրավիճակի քննարկումից հետո լրագրողներին ասել է Մոգերինին:
Նա նշել է, որ «այժմ դա (Սիրիայի ապագան հակամարտությունից հետո) թվում է հեռավոր ապագա»:
«Սակայն մենք համարում ենք, և այդ դիրքորոշումը կիսում է ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ դե Միստուրան, որ այժմ կարող է օգտակար լինել սկսելու Սիրիայում հետպատերազմյան ինստիտուտների, վերակառուցման, հաշտեցման, ղեկավարման, ներառյալ տեղական կառավարման քննարկումը, և ԵՄ-ն մոտակա օրերին կսկսի այդ բանակցությունները ոչ որպես այլընտրանք, այլ որպես լրացում ուղղությանը (գործողությունների), որոնք կարող են նպաստել Լոզանում ՄԱԿ-ի հովանու ներքո շարունակվող այլ ջանքերին` այդ երկրի ապագայի ընդհանուր ըմբռնման համար քաղաքական հեռանկար ստեղծելու»,- հայտարարել է Մոգերինին:









































