Airbnb բնակարանի վարձույթի ծառայությունը զբոսաշրջիկներին առաջարկել է Հելոուինը դիմավորել Ռումինիայում կոմս Վլադ Դրակուլայի ամրոցում: Այս մասին հաղորդվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ՝ փոխանցում է lenta.ru-ն:
Զբոսաշրջիկներին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Տրանսիլվանիայի սահմանին գտնվող Բրան ամրոց կհասցնեն ծածկակառքով: Տեղում նրանց կդիմավորի «Դրակուլա» վեպի հեղինակ Բրեմ Սթոքերի զարմիկ Դեյքր Սթոքերը:
Նա այցելուներին կպատմի լեգենդներ վամպիրների մասին, նաև՝ կոմսի պատմությունը: Նա նաև նրանց համար ամրոցում կկազմակերպի էքսկուրսիա, որից հետո մոմերի ներքո ընթրիք կհյուրասիրի: Այնուհետև հյուրերին կառաջարկեն հանգստանալ դագաղներում:
Այդ վայրում Հելոուինի գիշերն անցկացնել կկարողանա միայն երկու զբոսաշրջիկ: Նրանց կընտրեն մրցույթի արդյունքներով, որի շրջանակներում պետք է պատասխանել հարցին՝ «Կոմս Դրակուլային ի՞նչ կասեիք, եթե նա հենց ձեր ականջի մոտ շնչեր այս ամրոցում»: Պատասխաններն ընդունվում են մինչև հոկտեմբերի 26-ը:
Հելոուինը նշվում է հոկտեմբերի 31-ին:
















































