Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն Իզմիրի համալսարաններից մեկում ունեցած ելույթում հայտարարել է, որ Թուրքիայի ժողովուրդը այնպիսի դաս տվեց խռովարարներին, որ նրանք չեն մոռանա դա:
Նրա խոսքերով՝ Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական հոսանքը (FETÖ) գլոբալ է, և հենց այդ կառույցն է կանգնած եղել հուլիսի 15-ին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման նողկալի փորձի հետևում.
«FETÖ-ն վերածվել է մարդկության համար սպառնալիքի: Այդ հոսանքը շահագործում է մարդկանց զգացմունքները, համամարդկային արժեքները:
FETÖ-ն անմիջապես չի վերածվել ահաբեկչական կառույցի: Դրա համար տարիներ են պահանջվել: Գյուլենի կողմնակիցները կարիքավոր ու անապահով քաղաքացիներին խաբել են օգնության մասին իրենց խոսքերով:
Արդյունքում պարզվել է, որ FETÖ-ի նպատակը կատարելապես այլ է եղել, այն է՝ Թուրքիայում իշխանության ապօրինի զավթումը: Ընդ որում՝ նրանք չեն փորձել ստանալ ժողովրդի աջակցությունը և փոխարենը քաղաքացիների դեմ կիրառել են տանկեր ու ինքնաթիռներ:
Նրանք մարդկանց սպանել են իրենց իսկ փողերով գնված զենքով: FETÖ-ի ահաբեկիչները գործել են ավելի ուխտադրուժ, քան PKK-ի ահաբեկիչները, որոնք զենքի դիմեցին 1980-ական թվականներին:
FETÖ-ն սպասել է 40 տարի և անսպասելիորեն սկսել է գործել: FETÖ-ի ու PKK-ի ահաբեկիչները հանդիպել են դեռ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից առաջ: Նրանք ամբողջովին վստահ էին հաջողության համար, սակայն նրանց պլաններին բախտ վիճակված չէր իրականանալու համար»:









































