Իսրայելի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով հանձնաժողովի ղեկավար Նաֆթալի Բեննեթը ուրբաթ որոշում է ընդունել սառեցնել այդ հաստատության հետ բոլոր աշխատանքային կապերը՝ ի պատասխան նրա կողմից փաստաթղթի նախագծի ընդունման, որն Իսրայելին դատապարտում է Երուսաղեմի սուրբ վայրերի ստատուս քվոյի ապահովման հետ կապված պարտավորությունները խախտելու համար: Այս մասին հայտնում է Jerusalem Post թերթը:
«Բեննեթը ուրբաթ որոշում է ընդունել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության անհապաղ սառեցման մասին»,- գրում է թերթը: Հաղորդվում է, որ Իսրայելը չի մասնակցի կազմակերպության հովանու ներքո հանդիպումերին և համաժողովներին, նաև ոչ մի պրոֆեսիոնալ շփում չի ունենա դրա ներկայացուցիչների հետ:
Jerusalem Post-ի հաղորդմամբ՝ հինգշաբթի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր կոմիտեն «նախապես հաստատել է բանաձևը, որն անտեսում է հրեա ժողովրդի կապը իր գլխավոր կրոնական սրբավայրերի՝ Տաճարի լեռան և Լացի պատի հետ»: «Այդ որոշումը պատմական փաստերի հերքում է և ահաբեկչության խրախուսում»,- մեջբերում է պարբերականը իսրայելցի նախարարի խոսքերը՝ ուղղված կազմակերպության գործադիր կոմիտեին: Առաջիկա օրերին Բեննեթը մտադիր է «աշխատանքային խորհրդակցություն անցկացնել (ՄԱԿ-ի հարցերով իսրայելական հանձնաժողովի)՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմանն ի պատասխան հետագա քայլերը որոշելու համար»՝ նշում է թերթը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս առնչությամբ ասել է. «Պնդել, որ Իսրայելի և Տաճարի լեռան ու Լացի պատի միջև կապ չկա՝ նման է պնդելուն, որ Չինաստանը կապ չունի Չինական մեծ պատի հետ, իսկ Եգիպտոսը՝ բուրգերի: Իր անհեթեթ որոշման պատճառով ՅՈՒՆԵՍԿՕ-ն կորցրել է իր լեգիտիմության մնացորդները, ՅՈՒՆԵՍԿՕ-ում անհեթեթության թատրոնը շարունակվում է»:







































