Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Թուրքիայում նոր Սահմանադրության ընդունման հարցով հանրաքվեն կարող է անցկացվել 2017 թվականի սկզբին:
«Մենք կարող ենք հանրաքվեն անցկացնել 2017 թվականին: Սակայն եթե «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) և «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ) կարողանան պայմանավորվածության գալ, ապա հանրաքվեն հնարավոր կլինի անցկացնել 2017 թվականի սկզբին:
Քվեարկության անցկացման ժամկետները կախված կլինեն նրանից, թե խորհրդարանը որքան արագ կիրականացնի այդ ուղղությամբ աշխատանքները»,- ասել է նախարարը:
Նոր Սահմանադրության ընդունմամբ Թուրքիան կառավարման խորհրդարանական համակարգից անցում կկատարի կառավարման նախագահական համակարգի:











































