Հալեպի արևելյան մասում սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 8-ը ավելի քան 400 մարդ է զոհվել, մոտ 1400-ը՝ վնասվածքներ են ստացել: Այդ մասին հայտնի է դառնում ՄԱԿ-ի Հումանիտար հարցերով կոորդինացման վարչության տեղեկագրից:
Նշվում է, որ նշված ժամանակահատվածում սպանվել է 406 մարդ, այդ թվում՝ 114 երեխա և 56 կին: Վիրավորվել է 1384 մարդ, ներառյալ՝ 279 երեխա և 110 կին:
Քաղաքում մասնակի գործում է 7 հոսպիտալ: Այնտեղ աշխատում է 30 բժիշկ: Նշված ժամանակահատվածում սպանվել կամ վիրավորվել է 5 բժիշկ: «Ծայրահեղ պակաս կա բուժանձնակազմը, նաև դեղամիջոցներ և բժշկական նյութեր»,- նշվում է տեղեկագրում: Ջրամատակարարման խախտման պատճառով «մեծացել է հիվանդությունների բռնկման ռիսկը»:
Այս տվյալները վարչությունը ներկայացրել է Սիրիայում հումանիտար հարցերով աշխատանքային խմբի այսօր Ժնևում տեղի ունեցած նիստում:









































