Հայասատնյան ներքաղաքական զարգացումների շուրջ «Առաջին լրատվական»- ը զրուցեց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի հետ:
Արմեն Բաղդասարյանը, անդրադառնալով Վիկտոր Դալլաքյանի հայտարարություններին այն մասին, որ հրաժարական է տալիս ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի ու ԱԺ-ում նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոններից, դուրս է գալիս ՀՀԿ-ից և մտնում է ակտիվ քաղաքականություն, նշեց, որ ինքը վստահ չէ, թե դա Վ. Դալլաքյանի որոշումն է. «Կա տեսակետ, որ Վիկտոր Դալլաքյանին գործուղել են, և այդ տեսակետի մեջ տրամաբանություն կա»:
«Ենթադրենք Վ. Դալլաքյանը ստեղծում է իսկապես ընդդիմադիր կուսակցություն, նա կտանի 2-3 տոկոս ձայն, եթե լինի կեղծ ընդդիմադիր, լավ դերասանություն կանի, և կստանա էլի 2-3 տոկոս ձայն. քաղաքական առումով ոչ մի տարբերություն չկա, երկու դեպքում էլ 2-3 տոկոսով փոշիացվելու են ընդդիմության ձայները: Փաստն այն է, որ քաղաքական դաշտում ստեղծվում է մի կուսակցություն, որը ընդդիմությունից մի քիչ ձայներ է տանելու, և որը երբեք չի կարող հասնել իշխանափոխության»,- նշեց քաղաքական վերլուծաբանը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ իր մուտքը Վ. Դալլաքյաննը սկսեց քաղաքական մեկ այլ ուժի՝ «Լուսավոր Հայաստան»- ին թիրախավորելով, Ա. Բաղդասարյանը նշեց՝ ենթադրվում է որ մրցակցություն կա, նույն դաշտում են լինելու, նույն ընտրազանգվածի հետ են աշխատելու, բնականաբար մրցակիցներ են և իրար դեմ պիտի պայքարեն:
Նրա գնահատմամբ՝ Վիկտոր Դալլաքյանն էֆեկտիվ մուտք գործեց՝ ամերիկյան թրիլլերների ոճով ասելով՝ եթե ինձ, իմ ընտանիքի հետ մի բան պատահի, պատասխանատուն Ս. Սարգսյանն է:
Արմեն Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ քաղաքական դաշտում հզոր, իշխանափոխություն իրականացնելու ունակ ընդդիմադիր ուժ չկա, և ոչ էլ ընտրակեղծիքների անհրաժեշտություն կա: Նրա դիտարկմամբ՝ ՏԻՄ ընտրություններով հնարավոր չէ իշխանափոխության հասնել. «Քաղաքական դաշտը բզկտված է, կան ռուսամետ, ամերիկամետ, եվրոպամետ կուսակցություններ, հայամետ կուսակցությունների պակաս կա քաղաքական դաշտում»:
Ա. Բաղդասարյանի կարծիքով՝ իրական ազգային համաձայնության կառավարություն չենք ունենա, դա կլինի ձևական:
Նրա խոսքով՝ Խորհրդարանական ընտրությունները էապես կտարբերվեն ՏԻՄ ընտրություններից և քաղաքական դաշտում հզոր ընդդիմադիր ուժ կլինի, իշխանությունները սպառնալիք կգտնեն և կոպիտ մեթոդներով կպայքարեն դրա դեմ:
Քաղաքական վերլուծաբանը նաև կարծիք հայտնեց, որ Արևմուտքը ֆինանսապես օգնում է, երբեմն-երմբեմն վարկեր է տրամդրում, այդ պատճառով իշխանությունները, թեև ԸՕ-ն փոխելու կարիք չունեին, մեծ տհաճությամբ, այնուամենայնիվ փոխեցին, որովհետև հակառակ դեպքում Արևմուտքը կհրաժարվեր այս կամ այն վարկային ծրագրից. «Ս. Սարգսյանը ստիպված է հաշվի առնել Արևմուտքի կարծիքը»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































