Ինչպես տեղեկացրել էինք երեքշաբթի օրը, նախագահական նստավայրի առջև բողոքի գործողություններ էին իրականացնում սեփականությունից հարկադրաբար զրկված բնակիչները, Հաշմանդամ օդաչուների միության ներկայացուցիչները և բացօթյա առևտրի իրավունքից զրկված առևտրականները՝ պահանջելով, որ Սերժ Սարգսյանը լսի իրենց և ստեղծված իրավիճակի շուրջ հստակ պատասխան տա:
Նախ որոշվեց, որ բողոքի գործողությունների մասնակիցներին պետք է ընդունի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, սակայն վերջին պահին պարզվեց, որ նա քաղաքում չէ: Այնուամենայնիվ, նախագահականի՝ քաղաքացիների և նամակների բաժնի պետ Աիդա Ասատրյանը գրանցեց ներկաների հեռախոսահամարները և խոստացավ, որ Կարեն Կարապետյանը կարձագանքի նրանց:
Այսօր «Սեփականության իրավունքի պաշտպանություն» ՀԿ նախագահ Վաչագան Հակոբյանը մեզ հետ զրույցում ահազանգեց, որ աշխատանքային շաբաթն ավարտվեց, բայց Կարեն Կարապետյանն այդպես էլ չհեռաձայնեց: Վաչագան Հակոբյանի խոսքերով, իրենք, սակայն, գիտակցում են իրենց խոսքի արժեքը և եթե 7 տարի է՝ շարունակում են իրենց բողոքի գործողությունները, ապա կշարունակեն այնքան ժամանակ՝ մինչև հասնեն իրենց ուզած արդյունքին:









































